Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/12

Այս էջը հաստատված է

մատնանշե այն պատճառները, որ ծնունդ տված են գրական այդ տեսակին, ստեղծած են նրա հոլովույթը և մտայնությանց տարբերությունները։

Մեծ փորձության մեջ է այստեղ գրականության պատմագիրը։ Ամեն գրական գործ կյանքի արտահայտություն է. բայց ոչ թե կյանքն է գրականության պատմագրի հետազոտության առարկան, այլ գրական գործերն իբրև տեսակ և սրա հոլովույթը դարերի ընթացքին։ Հաճախ պատահում է, որ փոխանակ գրական երկերն իբրև գրական գործեր ուսումնասիրելու և գրական տեսակներն իբր իմացական հուներ՝ գրականության պատմագիրը ցուցադրում է այն կյանքի հոլովույթը, որի արդյունքն են գրական գործերը. փոխանակ նիշերը քննելու, որ իր բուն գործն է, նրանց նիշածն է քննում, որ ազգի պատմության է վերաբերում։ Պայծառությունն առաջին պայմանն է ցուցադրության, իսկ պայծառությունը նշանակում է զատորոշում։ Գրականությունն, ասած են՝ կյանքի հայելին է, բայց կյանքը շատ ավելի ընդարձակ է, քան կարող է արտացոլել այդ հայելին։ Ոչ թե կյանքի հետազոտությունն է գրականության պատմագրի գործը, այլ այդ կյանքի ցոլքը գրականության մեջ։

* * *

Քանի որ գրական տեսակների հոլովույթն է գրականության պսւտմության բովանդակությունը, ուստի պետք է նախ իմանալ, թե գրական ինչ տեսակներ մշակած են մերոնք. ե՞րբ են սկսած գրական այս կամ այն տեսակի մշակումը և մինչև ո՞ւր տևած է այդ տեսակի կյանքը. ի՞նչ փոփոխություն կրած է նրանց բովանդակությունն ու ձևը և ի՞նչ պատճառով։ Ե՞րբ է հասած գրական այս կամ այն տեսակը իր գարգացման բարձրագույն կետին և ի՞նչն է պատճառը իր անչքացման և չքացման։ Որո՞նք են մշակած գրական այս կամ այն տեսակը և ի՞նչ ընդհանուր գծեր ունին։ Որո՞նք են, որ նորություն են բերած գրական այդ տեսակի մշակման մեջ և ի՞նչն է այդ նորույթի բնույթը. փոխառությո՞ւն է արդյոք, թե ինքնուրույն ճիգի արդյունք և ի՞նչ է այդ նորույթի արժեքը գրական արվեստի տեսակետից։ Հատուկ ուշադրության պետք է առնվի հեղինակների վերաբերումը իրենց մշակած նյութի հանդեպ։ Այդ վերաբերումն արդյունք է հեղինակների մտայնության, իսկ այդ մտայնությունը՝ անձնական և պատմական հոլովույթի։ Այսպիսով ամեն նորություն գրականության մեջ դառնում է կյանքի արտահայտություն, այսինքն արդյունք է անձնական ճիգի, որ իր դրդումը նույնպես կյանքից է ստանամ։ Կյանքի և գրականության փոխադարձ կապը բանալին է գրապատմական