Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/121

Այս էջը հաստատված է

նպաստավոր հանգամանք է հայ ինտելիգենցիայի զարթնումը հոգեկան ձուլման դեմ. նա սկսում է հասկանալ հայ լեզվի և ազգության կարևորությունը, որոնք հաստատուն հիմունք են կազմում հայ գրականության ապագայի համար։

Եթե նայելու լինենք մեր նոր գրականության վրա, կտեսնենք, որ այն՝ սկզբում զարգանում է հեռավոր սահմաններում, հետագայում սկսում է մոտենալ մեզ - Պոլիս, Մոսկվա, հետո Թիֆլիս։ Այժմ մենք գտնվում ենք գրականության զարգացման այն աստիճանի վրա, որ հայ գրականությունը ուզում է եղերական լինելուց դադարել, ստեղծել մի հաստատուն բնակավայր, որտեղ ամեն ինչ հայկական կլինի։ Հայ գրականությունը գնում է դեպի հայրենացում և ազգայնացում, աշխատելով ազատվել օտար ազդեցություններից։

Հայոց նոր գրականությունը անցել է զարգացման երեք աստիճան. 1) անցյալի փառաբանության շրջան (Մխիթարյաններ), երբ երգվում է հայրենիքի անցյալն ու դեպի այն եղած կարոտը, առանց նկատելու ներկան. 2) հայրենասիրական շրջան, երբ գրողների (Խ. Աբովյան, Րաֆֆի, Պատկանյան, Պռոշյան, Աղայան և մյուսները) մտահոգության առարկան արդեն անցյալը չէ, այլ ներկան։ Այս շրջանի գրականությունը մի տեսակ խառնուրդ է եվրոպական և հայրենական ազդեցությունների, գրողները չեն կարողանում ճշտությամբ պատկերացնել հային, և 3) նոր սկսած շրջան (Հովհ. Թումանյան), երբ հայ գրականությունը սկսում է ազգայնանալ, ազատվել օտար ազդեցություններից և սնվել հայրենի մթնոլորտում։

Այս շրջանի գրականության հատկանիշն է նրա ինքնատիպությունն և ազգային լինելը։ Այդ հանգամանքի հետևանքը լինելու է այն, որ կստեղծվի ինքնատիպ լեզու, մեր գրականության մեջ կիշխե ազգային հղացում և գրականությունը մոտենալով հայ կյանքին, կներկայացնի այդ կյանքը այնպես, ինչպես որ նա կա։ Գրականությունը այլևս չի նայի օտարի ակնոցներով, այլ հայ ակնոցներով, և դա նշան կլինի մեր զգացմունքների, մտքի զարգացման և օգտակար ոչ միայն մեր, այլ ընդհանուր մարդկության համար։

Եթե հայ գրականությունը սնունդ առնի հայրենի միջավայրում, նա կաճի առողջ կերպով և կկորցնի իր բոլոր հիվանդոտ կողմերը։ Այդ գրականության զարգացման համար որպես աննպաստ հանգամանքներ նշանակություն չունեն մեր ժողովրդի քիչ անդամներ ունենալը (Նորվեգիա) և քաղաքական ույժ չունենալը։ Վերջին հանգամանքը ճիշտ է, նշանակություն ունի, բայց այնպիսի պայման չէ, որ արգելք