Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/124

Այս էջը հաստատված է

բանիւ, գործով. այդպես են օրինակ, պարսկ. սելաբ և գաւառ, սելաւ բառերի վերջին Բ-ն և Ւ-ը երկու բառն ևս նշանակում են հեղեղ։ Կողոփն և կողովը նույն բառի գավառական արտաբերումներն են, ինչպես, օրինակ հօ՛պ և հո՛փ միջարկությունները։ Սրանից կարելի եզրակացնել, որ Ե. դարում բարբառներ կային, ինչ որ ենթադրելի էր և ենթադրած են արդեն. և ապա՝ որ Դ. Թագավորության և Բ. Օրինաց թարգմանիչները ոչ միայն տարբեր անձեր են, այլև տարբեր գավառներից են։ Միևնույն առարկային մեկի մայրենի բարբառում ասել են կողոփ, մյուսի բարբառում - կողով և թարգմանիչներն ամեն մեկն իր մայրենի բարբառի հնչումով գրել է միևնույն բառը նույն հունարեն բառի դեմ, որ հասկացել են նույն իմաստով և արժեքավորել նույն բառով, թեև տարբեր արտաբերությամբ։

«Մի ծաղկով գարուն չի գա»,– կմտածի ընթերցողը։ Անշուշտ, բայց մի ծաղիկը նշան է, թե գարունը գալիս է. եթե ուշադիր նայող լինի - գուցե ավելի շատ ծաղիկ գտնի։ Դրա համար պետք է ավելի հմտություն, քան ունիմ, և ավելի ժամանակ։ Եթե առնվի Համաբարբառը և մի շարք այս կարգի բառեր համեմատվին հույն բնագրի հետ, կարելի է հաստատորեն գտնել, թե քանի՞ հոգի են եղած թարգմանիչները։ Իմ գտածը թող նպաստ լինի այդ համբերատար աշխատողին։

Նկատենք նաև, որ Գործք Առաքելոցի մեջ (Թ. 25) կարդում ենք. «և առեալ զնա (այսինքն Պօղոսին) աշակերտացն ի գիշերի՝ ընդ պարիսպն կախեալ իջուցին վանդակաւ»։ Վերջին բառը դրված է հուն. σπυρις բառի դեմ, որ նշանակում է կլոր հյուսած սակառ կամ կողով, հատկապես հացի և ձկան համար։ Միևնույն «վանդակ» բառը կիրարկված է և Կորնթ. Բ. թղթի մեջ (ԺԱ. 33). այս անգամ Պողոսն ինքն է խոսում իր փախուստի մասին, «և ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, և փախեայ ի ձեռաց նորա»։ Այստեղ «վանդակ» բառը դրված է հուն σαρίαυή բառի դեմ, որ նշանակում է ուռենու հյուսած թարմ ոստ, ուստի նաև կողով։ Պարզ է, կարծում եմ, որ Գործքի թարգմանիչը և Ավետարանի թարգմանիչը տարբեր անձեր են, այլապես միևնույն հունարեն բառի դեմ մի տեղ չէր դնի «զամբիղ», մի ուրիշ տեղ– «վանդակ»։ Նույնը չենք կարող ասել Կորնթ. Բ թղթի թարգմանիչի մասին, կարող է պատահել, որ հայերեն բառերը բավական չեն եղած սակառների բազմազանությունը արտահայտելու համար, ուստի միևնույն հայերեն բառը գրված է երկու տարբեր հունարեն բառերի դեմ, որ սակայն մոտավորապես նույն բառն են նշանակել։

«Սիոն», 1927, Ա. տարի, № 3, էջ 90-91