Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/125

Այս էջը հաստատված է
Իվան Տուրգենև,
«Արձակ բանաստեղծություններ»[1]

1840-ական թվականները ռուս գրականության համար անմոռանալի կմնան։ Այդ թվականներին էր, երբ նա, ազատվելով ամեն տեսակ օտարերկրյա ազդեցություններից, ոտ դրեց ինքնուրույն ճանապարհի վրա Գոգոլի և նրա ստեղծած «իրական շկոլայի» շնորհիվ։ Մինչև Գոգոլի երևալը ռուս գրականությունը թեև ուներ ինքնուրույն և շատ հայտնի երկեր, բայց, այնուամենայնիվ, նրանց վրա նկատելի էր օտար երևելի գրողների ազդեցությունը․ Գոգոլն առաջինն էր, որ չենթարկվեց այդ ազդեցության և գնաց նոր, ինքնուրույն և սեփական ճանապարհով, այդ կողմից նա կարող է հայր համարվել հետագա բոլոր գրողների համար։

Միևնույն տարիները զարթնեց ռուս քննադատական միտքը, որի ամենալավ ներկայացուցիչն այդ ժամանակ Վ․ Բելինսկին էր։ Հռչակավոր քննադատի կրակոտ հոդվածները շարժում ձգեցին մեռած հասարակության մեջ և դուրս կոչեցին մարդիկ, որոնք, Նեկրասովի ասած՝ «դեռ զգացմունքի մնացորդներ ունեին և բոլորովին չէին մեռել»։ Ստիպված լինելով հարմարվել խիստ ժամանակների ռեժիմին, նա բավականանում էր միայն գեղագիտական (էսթետիք) և փիլիսոփայական հարցերով, թեև շատերի համար պարզ ու նկատելի էին այն մտքերը, որոնք ավելի թանկ էին նրա համար և որոնց ուղղակի արծարծել չկարողանալով՝ արծարծում էր տողամեջ։ Շատ մանր ու խոշոր պայմանների, որոնց թվում նաև Գոգոլի գրվածների և Բելինսկու հոդվածների ազդեցության տակ, սնվեց գրողների մի նոր սերունդ, որ նշանավոր երկերով ասպարեզ դուրս եկավ և գրավեց ռուս գրականության մեջ առաջնակարգ տեղեր։ Այդ գրողներից էր նաև Տուրգենևը։

Տուրգենևն իր գրական գործունեությունն սկսեց բանաստեղծություններով և պոեմաներով։ 1843 թվ․ դուրս եկավ նրա «Պարաշա» պոեման, որի հիման վրա Բելինսկին հոտառությամբ, որ այնքան հատուկ էր նրան, զգաց հեղինակի «անսովոր տաղանդ» լինելը։ Գրախոսականից, ուր հայտնած է այս միտքը, երևում է, որ Բելինսկու համար ոչ այնքան թանկ էր պոեման, որքան հեղինակի տեսակետը։ Ինքը՝ Տուրգենևն իր այդ շրջանի գրվածների համար ասում է. «Ես դրական հակակրանք եմ զգում դեպի իմ բանաստեղծությունները և ոչ միայն ոչ մի օրինակ չունեմ իմ պոեմաներից, այլև շատ բան կտայի, որ նրանք չլինեին աշխարհիս

  1. Թարգմ. Ալ․ Ծատուրյանի, Մոսկվա, 1895 թ․։