Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/126

Այս էջը հաստատված է

երեսին»։ Անցավ այդ ժամանակը, Տուրգենևը դարձավ հայտնի վիպասան և ահա, ծեր հասակում, նա նորից ասպարեզ է գալիս որպես բանաստեղծություններ գրող՝ այս անգամ արձակ։ Բայց այն ժամանակվա և այսօրյա բանաստեղծություններն իրարից շատ են տարբերվում. մինչդեռ առաջինները նոր սկսող, դեռևս չամրացած տաղանդի առաջին փորձերն են, վերջինները ներկայացնում են հասուն հասակի արտադրություններ։

Տուրգենևի գրքույկը, որի մասին խոսում ենք, բաղկացած է 50 գողտրիկ բանաստեղծություններից, որոնք գրված են գլխավորապես 1878–79 թթ., նրանց մեծ մասը անձնական բնավորություն ունի։ Բոլոր բանաստեղծությունները գրված են թե իր՝ հեղինակի սեփական և թե հասարակության կյանքում պատահած դեպքերի և երևույթների ազդեցության տակ։ Քանի որ բւանաստեղծությունների մեծ մասը, ինչպես ասացինք, անձնական բնավորություն ունի, ուստի նրանց հասկանալու համար անհրաժեշտ է հեղինակի կյանքի հետ լավ ծանոթ լինել։ Մենք կաշխատենք ընթերցողին մի հայեցակետ տալ, որով մասամբ նրանք կարող են առաջնորդվել այս գրքույկը կարդալիս։

Նշանավոր վիպասանը իր կյանքի վերջին տարիները կորցրեց մեծ վեպեր գրելու կարողությունը։ Իր վերջին „Новь“ վեպից հետո, որ լույս տեսավ 1874 թ., նա այլևս խոշոր բան չտվեց, ոչ թե գեղարվեստական, այլ հասարակական նշանակության կողմից։ Միայն մահից մի քանի տարի առաջ նրա տաղանդը մի անգամ էլ փայլեց անսովոր լուսով և հանգավ հեղինակի հետ։ Այդ ժամանակներին են վերաբերում և «Արձակ բանաստեղծությունները», որոնք լույս տեսան 1882 թ.։ Կյանքի վերջին տարիները Տուրգենևին շատ էին զբաղեցնում մահվան, ամեն բանի ունայնության և ծերության խնդիրները, մանավանղ որ ծանր հիվանդություն ուներ։ Այդ խնդիրներին են վերաբերում բանաստեղծություններից «Խոսակցությունը», «Պառավը», «Գանգերը», «Ինչ կմտածեմ ես...», «Ծերուկ», «Աշխարհի վերջը», «Ախոյանը» և ուրիշները։ Բացի դրանից, նրա սիրտը ծանր խոցված էր այն բաժանման պատճառով, որ նա ունեցավ նոր սերնդի հետ իր «Հայրեր և Որդիներ» վեպի առթիվ և որ հասարակությունը սառն էր վերաբերվում նրա հաջորդ վեպերին և ապերախտ էր դեպի նա. այդ է հիշել նա անշուշտ իր «Դու կլսես դատաստանը հիմարի...» բանաստեղծությունը գրելիս։ Ծերունի վիպասանը մի նամակում այսպես է գրում իր բարեկամին. «Բարեկամ, ծերությունը մի ծանր ու մռայլ ամպ է, որ ծածկում է ապագան, ներկան և մինչև անգամ անցյալը, որովհետև սրբելով հիշողությունները նրան դարձնում է թախծոտ»։