Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/127

Այս էջը հաստատված է

Այո, նրան մնացել էին բաժին միայն հիշողությունները, որոց դեռ չէր սրբել ծերությունը։ Նա մնացել էր միայնակ, կենդանի չէին նրա բարեկամներից շատերը, նոր սերունդը հաշտ չէր նրա հետ, ներկան հրապուրիչ չէր, իսկ առաջ չէր ուզում նայել և նա թաղվում էր իր հիշողությունների մեջ, ուր «շողում էր իր նախկին, իրան միայն մատչելի կյանքը»։ Անցյալը հիշելու արդյունք է «Որքան գեղեցիկ, որքան թարմ էին վարդերը» հիանալի բանաստեղծությունը։ Մեր բոլոր ասածներն աչքի առաջ ունենալով, ընթերցողի համար պարզ կլինի այն տխուր կոլորիտը, որ կրում են Տուրգենևի բանաստեղծությունները։ Այդ տխրությունը մեղմ, բարակ ու մշուշային տխրություն է, որ հատուկ է հեղինակին. դրա պատճառը կարելի է որոնել Տուրգենևի բնավորության առանձնահատկությունների և մելանքոլիայի հակած լինելու մեջ։

Մենք անկարող ենք այդ բանաստեղծություններից լավերը ջոկել. նրանք բոլորը լավ են։ Մեզ մնում է միայն խորհուրդ տալ ընթերցողներին, որ ձեռք բերեն այդ ընտիր գրքույկը և կարդան, այն էլ, ինչպես հեղինակն է ասում, մեկ-մեկ և ոչ իրար հետևից. այսօր մեկը, վաղը մյուսը։ Այդ բանաստեղծությունները կարդալով նրանց ճաշակը կնրբանա, զգացմունքները կազնվանան, միտքը կխորասուզվի այն մեծ խնդիրների աշխարհը, որոնք զբաղեցրել են ամեն տեսակ գլուխներ, և շնորհակալ կլինեն պ. Ծատուրեանից, որ տվել է այդ հիանալի գրքույկի թարգմանությունը։ Ինչ վերաբերում է թարգմանության՝ դրականապես լավ է։

Այստեղ չենք կարող ընթերցողներին չհայտնել մի ուրախ լուր. պ. Ծատուրյանը հայտարարել է նույն գրքույկի կազմի վրա, որ պատրաստում է իր «Ռուս բանաստեղծներ» խորագրով աշխատության առաջին գրքույկը (ամբողջ հրատարակությունը պիտի բաղկացած լինի երեք գրքույկից), ուր պիտի մտնեն թարգմանություններ Պուշկինի, Լերմոնտովի և Նեկրասովի երկերից։ Սրտանց ուրախանում ենք, որովհետև ժամանակ է և հարկավոր, որ մենք ծանոթանանք մի ժողովրդի ստեղծագործություններին, որի հետ այնքան կապված ենք։ Ոչ մի միջոց այնպես չի մոտեցնում երկու ազգ կամ ժողովուրդ, որքան միմյանց մտքի արտադրություններին փոխադարձ հաղորդակից լինելը։ Այս միջոցը շատ ուրիշ ավելի ազդու կարծված միջոցներից ավելի դրական է և արդյունավոր։

Մուրճ, 1896, № 10-11, էջ 1349-1351