Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/128

Այս էջը հաստատված է
Լ. Ն. Տոլստոյ

Տոլստոյի գործունեությունը և ոգին այնքան բազմակողմանի են, որ մարդ շվարում է նրա վիթխարի գործը դիտելիս։ Դժվար է գտնել մի բանաձև, որ կարողանար ամփոփել նրան և իր գործը։ Նրա մասին եղած քննական գրականությունն ահագին չափերի է հասնում և գրված է աշխարհի բոլոր կիրթ լեզուներով։ Սակայն չի կարելի ասել, թե նա, իբր արվեստագետ և իմաստասեր, պարզաբանված է լիովին։

Դեռ երկար տարիներ ճշմարտության և իմաստության ծարավի մարդկությունը նորից ու նորից կդառնա նրան և նրա անհուն կենսական փորձին։ Ոգեկան այն անսպառ դրամագլուխը, որ նա գրել էր իր մոտ վաթսուն տարիների գրական վաստակներուն, դեռ շատ երկար ժամանակ կարող է եթե ոչ լիովին սնուցանել, գոնե առժամանակապես գոհացնել պապակած ոգիներին, կոտրելով նրանց ճշմարտության ծարավը։

Գնահատել այնքան բազմավաստակ ու բազմակողմանի մի գործունեություն, ինչպես Տոլստոյինն է, ընդունել այդպիսի բարդ ու բազմադեմ ոգի՝ ինչպես «ռուսաց աշխարհի մեծ մատենագիրն» է, նշանակում է գծել մի հարուստ հոգու պատմություն, որ ունեցել է ծանր խռովքներ ու տագնապներ և դուրս է եկել նրանց միջից հաղթական։ Այդ աշխատանքը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և վերապրում հեղինակի երկերի և անցնում է լրագրական հոդվածների սահմանից։

Բավական է հիշել, որ նա եղել է ուսանող, ճորտատեր, երկրագործ, զինվորական, հաշտարար միջնորդ, ուսուցիչ, արհեստավոր, վիպասան, խմբագիր, իմաստասեր, բարեգործ, թղթամոլ, նա ապրել է բարձր շրջանում և գյուղացու հետ, կռվել է լեռնցիների դեմ և Սևաստոպոլի մարտկոցներում, ստեղծել է նոր դպրոց և դասատվության նոր եղանակներ, գիտե եվրոպական լեզուներ, որոնցով գրում է ազատ, ուսել է մաթեմատիկ և իրավաբանություն, ծանոթ է բոլոր երկրների իմաստասերներին, խորապես ուսումնասիրել է արևելքի բոլոր կրոնները, լավ երկրագործ է և ձիավոր, գիտե դաշնամուր նվագել և կոշիկ կարել, առաջնակարգ արվեստագետ է և սրամիտ ու խորամիտ մտածող...

Նկատեցեք, որ նա գրել է վեպեր, դրամաներ, պատկերներ, հրապարակախոսական հոդվածներ և ժողովրդական զրույցներ, կազմել է դասագիրք և հրատարակել է սրբագրած ավետարան։

Նա գրել է ռուս ժողովրդի բոլոր խավերի կյանքից. ազնվականը, գյուղացին, քաղքենին, հարուստը և աղքատը, կալվածատերն ու ճորտը,