Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/130

Այս էջը հաստատված է

տարածելով իր ճյուղերը կյանքի վրա։ Նրա վերելքը չկարողացան կասեցնել կամ շեղել իր բնական ճանապարհից ժամանակի ամենազորեղ և վայրագ հողմերը։

Այդ հաստատուն ծառի արմատները գտնվում են «Մանկության, պատանեկության և երիտասարդության» մեջ։ Այդտեղից մեկնելով նա բարձրանամ է իր գլուխգործոցներով և տալիս է իր պտուղները վերջին շրջանի իմաստասիրական և բարոյախոսական երկերով։

Հենց սկզբից Տոլստոյի մեջ նկատում ենք մի զորեղ վերլուծական կարողություն, ինքնամփոփ խոհունություն, մի զարմանալի ուղղամտություն և կենսական անվստահություն, և ձախլիկություն, որ արդյունք է նրա չափազանց ինքնուրույն խառնվածքի։ Այդ ձախլիկությունը նրան հեռու է պահում կոխված ճանապարհներից և կազմում է նրա բնորոշ հատկություններից մեկը։ Այն անձերը, որոնց մեջ նա դնում է իր սեփական հոգեբանությունը, ինչպես Պիեռ Բեզուխովը «Պատերազմի և խաղաղության» մեջ և Լևինը «Աննա Կարենինայում», Օլենինը «Կազակներ»–ում և այլն, իր նման արտասովոր բնավորություններ են՝ ձախլիկ և տարականոն շարժուձևով։ Նրանք ունեն մի զորեղ հակում դեպի բարոյական խնդիրների հետախուզությունը և մի անզուսպ փափագ ինքնակատարելագործման, որ դեռ նկատում ենք Իրտենևի մեջ («Մանկության, պատանեկության և երիտասարդության» հերոսը)։

Տոլստոյի հետագա գրվածները մի-մի կայան են նրա ոգեկան-բարոյական զարգացման։ Վաթսունական թվերին նա ապրում էր մի ահավոր ներքին տագնապ, նա որոնում է կյանքի իմաստը, իմաստավորելու համար իր անհատական գոյությունը։ Քարշ տալ անիմաստ մի գոյություն, ապրել հազարավորների անգիտակ կյանքով՝ նրան թվում է անարժան թե իրեն և թե մարդուն առհասարակ։

Նա անխնա վերլուծում է իր ներքին աշխարհը, իր զգացումներն ու բնազդական միտումները. քննադատում է սովորական և անտեղի համարվող դրություններն ու գաղափարները, իր և շրջապատի վարած կյանքը և նրա դրդիչները և գալիս է այն եզրակացության, որ երջանկության ձգտումը օրինավոր է և իսկական երանությունը սիրո և անձնվիրության մեջ է։ Այստեղից մի քայլ է դեպի Ավետարանը, որ նա անում է անմիջապես, և առաջնակարգ արվեստագետը դառնում է հանրահռչակ բարոյախոս։

Իր հոյակապ տաղանդի բովանդակ ուժով և նորադարձի ջերմեռանդությամբ նա տապալում է իր նախկին կուռքերը մեկ-մեկու ետևից և իր մոլեռանդության մեջ հասնում է աղանդավորության։ Ավետարանը