Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/136

Այս էջը հաստատված է
Դիկկենս Չ․, «Դավիթ Կոպպերֆիլդ»[1]

Մենք խոստացել էինք փոքր ինչ երկար խոսել Չարլս Դիկկենսի մասին, երբ լույս տեսնի նրա «Դավիթ Կոպպերֆիլդ» մեծ վեպի հայերեն թարգմանությունը։ Վեպն արդեն լույս է տեսել, և մենք ուզում ենք մեր խոստումը կատարել։

Համաշխարհային ընթերցող դասի ուշադրությունը գրաված մեծ բանաստեղծների շարքում Դիկկենսը լավագույն տեղերից մեկն ունի գրաված։ Նրա երկերը բազմաթիվ ընթերցողներ ունին թե իր հայրենի Անգլիայում և թե Ամերիկայում ու մյուս քաղաքակիրթ երկրներում։ Ռուս հասարակությունը նույնպես սիրով է կարդում նրա գրվածները. նոր էր, որ լույս տեսավ նրա գրվածների թարգմանությունը տասը մեծադիր հատորով։

Ի՞նչն է պատճառը, որ նա այդպես հանրածանոթ գրող է. ինչո՞ւ հազարավոր մարդիկ օրվա աշխատանքներից հետո հանգստանում են նրա վեպերը կարդալով, ի՞նչն է պատճառը, որ նրա երկերը ամեն տեղ սիրելի են, ի՞նչ կա այդ մարդու մեջ, որ հազարավոր սրտեր մագնիսի պես իրան է քաշում։ Անսովոր տաղանդը, կասեն մեզ։ Այդ դեռ բավական չէ. կասենք մենք։ Բանը միայն տաղանդը չէ. և ոչ իսկ տաղանդի մեծությունը։ Մի՞թե քիչ գրողներ կան, որոնք մեծ տաղանդ ունեն, բայց այդպես սիրելի չեն։ Խնդիրը տաղանդի հատկությունն է. դրանով կարելի է բացատրել այնպիսի երևույթներ, ինչպես նույն չափի տաղանդ ունեցող, բայց ոչ նույն չափ ազդեցության տեր գրողների վիճակը ընթերցողներ ունենալու և նրանց վրա ազդելու կողմից։

Դիկկենսը ամենից առաջ խիստ զգայուն գրող է. նրա գրվածները կարդալիս ձեր ջղերը չեն կարող հանգիստ մնալ, ձեր հոգին փոխում է իր դրությունը նրա երկի էջերը թերթելու հետ. նա տաղանդավոր ջութակահար է, որ նվագում է ձեր ջղերի վրա իր ցանկացած եղանակները։

Հազիվ թե լինի մի մարդ, որ կարողանա առանց լացի ու ծիծաղի, ժպտի ու արցունքի նրա գրվածները կարդալ։ Կախարդի նման առաջին երեսից իսկ նա ձեզ իր ձեռն է առնում, և դուք ապրում եք նրա հերոսների հետ, հետաքրքրվում նրանց վիճակով՝ կարծես ձեր բարեկամները լինեն, ցավում եք նրանց վրա, բարկանում, հուզվում։ «Նրա հաջողության կեսը,–

  1. Թիֆլիս, 1897, 370 էջ: