Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/137

Այս էջը հաստատված է

ասում է Տեն,- կարելի է նրա զգայուն լինելու հետևանքը համարել»[1]։

Բայց զգայուն լինելն էլ ինքնըստինքյան արժանիք չունի, եթե առանձին առնենք, այստեղ ևս գնահատելի է այդ զգայնության ուր ուղղված լինելը։ Բնորոշել նրա զգացմունքների ուղղությունը նշանակում է բնորոշել նրա ամբողջ գործունեության ուղղությունը։ Վերոհիշյալ վեպում Դավիթ Կոպպերֆիլդենց աղախին Պեգոտտին ասում է իր պարոնին նրա հանգուցյալ հոր խոսքերը, որ լսել է Կոպպերֆիլդի մորից մահվան մահճում. «..սիրող սիրտը ավելի գնահատելի է և ուժ ու զորություն ունի, քան խելքը և ուսումը»։ Այս խոսքերը շատ բնորոշ են Դիկկենսի համար, նա նույնպես գնահատում է սիրող սիրտը ավելի, քան ուսումն ու խելքը։ Այս վեպում գործող անձերի մեծագույն մասը, այն մասը, որի կողմն է հեղինակի համակրությունը և որոնց ձեզ համակրել է տալիս, բոլորն էլ ավելի սիրող սրտի տեր են, քան խելքի և ուսման։ Դորան, Ագնեսան, Կոպպերֆիլդի տատը, ինքը՝ Կոպպերֆիլդը և այլն, բոլորն էլ այդ տեսակ մարդիկ են։ Նրա մյուս վեպերն էլ թերթելիս դուք կնկատեք նույնը. առաջին գծի վրա միշտ սիրող սրտի տեր մարդիկ են. հեղինակը նրանց է սիրում և համակրում։ Բայց հակառակ տիպի մարդկանց, այսպես ասած ուղեղային մարդկանց, նա ատելով ատում է. և այդպիսի մարդիկ նրա գրվածներում միշտ վատ են, անսիրտ, չոր, պակասությունների և արատների տեր։ Դուք պարզ նկատում եք հեղինակի զզվանքը, բարկությունը, կծու ծաղրը դեպի այդ անձերը։

Հայտնի է, որ ժողովուրդը ավելի անմիջական զգացմունքով է ապրում, քան խելքով, այս է պատճառը, որ Դիկկենսի համակրանքները ուղղված են դեպի ժողովրդի զավակները։ Նա սիրով և համակրանքով է նայում ժողովրդի վրա, դուրս է հանում նրա միջից առաքինի և պատվական մարդիկ, նրանց շրջանում ցույց է տալիս հազվագյուտ ջերմ սեր, կատարյալ անձնազոհություն, բուռն զգացմունքներ, ներողամտություն, անմիջական գործնական խելք և հայտնի տեսակետով չնախապաշարված դատողություն։ Նրանց դնում է հարաբերության մեջ բարձր դասի, լեդիների և «պարոնների» հետ և ապտակում վերջինների նեղամտությունը, անձուկ զգացմունքները, ծիծաղելի հպարտությունը, չոր ինքնասիրությունը, նախապաշարված դատողությունները և այլն։ Կարղացեք ԻԱ գլուխը՝ պ. Պեգոտտու և տիկ. Ստիրֆորսի խոսակցությունը. տեսեք, թե ինչպես ծաղրի է հանում այդ մեծամիտ կնոջ, նրա մեծամտությունը թե ինքը ռամիկ չէ։ Դիկկենսի վեպերում հազիվ պատահեք վերին շրջանից առած մի անձնավորություն, որ ընդունակ լիներ Պեգոտտու չափ անձնազոհ լինելու.

  1. Тен, Ист. новейшей Английской литературы., էջ 27։