Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/139

Այս էջը հաստատված է

Դիկկենսը մասնագետ է քաղաքի կյանքի. բարձր շրջաններից սկսած՝ դրամատիրական դասով անցած մինչև հետին բանվորն ու աղքատը. առաքինի մարդուց սկսած մինչև գողն ու արբեցողը։ Արտասահմանում նա հազիվ էր կարողանում ապրել. նրան հարկավոր էր Լոնդոնն իր փողոցներով և բնակիչներով։ Նա ամենաչնչին մանրամասերն անգամ, որ վերաբերում է քաղաքի կյանքին, գիտե, ուսումնասիրել է, դիտել է և կարողանում է զարմանալի հավատարմությամբ տալ ընթերցողներն։ Այստեղ մեծ դեր է խաղում Դիկկենսի երևակայությունը. այդ երևակայությունը անսովոր ուժ ունի և թարմություն. գրում է, և չեք գզում թե գրում է. կարծեք նկարում է. կարդում եք՝ կարծեք նկար եք դիտում։

Ոչ մի բան բնության մեջ նրա համար մեռած չէ. ամեն բան կյանք ունի և զգալ գիտե։ Շրջապատը միշտ փոխվում է նայած հերոսի տրամադրության։ Ուրախ է նա, ուրախ է և նրա շունը, պատահող մարդը, փողոցի կյանքը, ծառերը, երկինքը, օրը. տխուր է՝ տխուր են և նրանք։ Բոլոր նկարագրությունները ներշնչված են գգացմունքով, որ անմիջապես ձեզ է անցնում. առանց զգացմունքով մկրտված լինելու, նա ոչ մի նկարագրություն չունի, ինչ հասարակ նյութ էլ լինի նկարագրության բովանդակությունը. նա սիրում է նկարագրած իրը, երևույթը. և ոչ լոկ հետաքրքրվում. զգացմունքով է կապված նրանց հետ և ոչ խելքով։ Կարդացեք «Կոպպերֆիլդում» փոթորկի նկարագրությունը. տարերքի կույր խաղը, կատաղի հորձանքները, մռայլ երկինքը և անհանգիստ ու փրփրած ջրերը. և այդ շփոթի մեջ խորտակվող նավը դիտեցեք, կայմին ապավինած չորս մարդկանց, որոնք անհավասար կռվի են մտած, նայեցեք երեքի խորտակվելուն, մեկի հուսահատ ջանքերին, ափին խռնված ամբոխին, նրա սպասողական դրության ու անզորության, օգնություն հասնողի վճռականության, ճիգերին. և նկատեք, որ հակառակորդը իր հակառակորդին գնում է փրկելու վերահաս մահից. ու երկուսին էլ կլանում է ագահ տարերքը, ի՞նչ խորհրդավոր րոպե, ի՞նչ վեհ դրություն։

Դիկկենսը հանգիստ մնալ չի սիրում, այնքան հարուստ են նրա զգացմունքները, որ պահել չի կարողանում։ Նրա համար իր հերոսները ոչ այնքան գիտենալու նյութ են, որքան հարվածի և սրտակցության։ Նրա հերոսները նրա բարեկամներն են կամ թշնամիները, ոմանց սիրում է, ոմանց ծաղրում ու կշտամբում, ոմանց գովաբանում։

Նրա մասնավոր նամակներից երևում է, որ ստեղծագործելու խաղաղ գիշերները իր առանձնարանում անց էր կացնում ծիծաղով կամ լացով իր հերոսների վրա. այնպես է խոսում իր հերոսների մասին, կարծես իր մոտ բարեկամները լինեն, կարծես կենդանի մարդիկ են և ոչ ստեղծագործություններ։