Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/140

Այս էջը հաստատված է

Եվ այդ զգացական վերաբերմունքը նրա ամեն վեպում երևում է. կարդացեք և կզգաք նրա խանդաղատանքը դեպի Դորան, հարգանքն ու սերը դեպի Ագնեսսան, որդիական հնազանդությունը դեպի տատը և այլն, և այլն։

Դիկկենսի տաղանդի հատկությունները երկուսն են. ծաղր ու լաց, ծիծաղ և հումոր. նրա հումորը շատ նուրբ է, թափանցիկ և անմիջապես ազդող, կարելի է այդ նկատել հեղինակի վերաբերմունքից դեպի Տրադդելսը. լացը՝ սիրտ հուզող և խուլ հեկեկանք հիշեցնող. կարդացեք Դորայի մահը։ Նրա ծաղրը կծու է, տեղ տեղ դաժան, թերթեցեք այն գլուխը, որտեղ խոսում են Ստիրֆորսի մայրն ու պ. Պեգոտտին։ Տաղանդի այս երկու հատկությունները իրենց հպատակության տակ ունեն զանազան կոչումի ու դիրքի, սեռի ու հասակի մեծ բազմություն. այդ հատկություններն են, որ սիրել կամ ատել է տալիս Դիկկենսի հերոսներին։

Գեղարվեստական տեսակետից Դիկկենսի գրվածների ամենախոշոր պակասությունը գործողության և հոգեբանական վերլուծության բացակայությունն է։ «Կոպպերֆիլդում» օրինակ, ինչպես ընթերցողը կտեսնի, գործողություն չկա, որովհետև չկա կրքի զարգացում։ Իսկապես կրքի զարգացումը վեպի ամենագլխավոր արժանիքն է. չկա նա, վեպը կորցնում է իր ամբողջությունը և դառնում է դեմքերի մի հավաքածու, առանց հոգեբանական կապակցության։

Մենք չենք տեսնում Դիկկենսի վեպերում հերոսի հոգին անդամահատած, վերլուծած. վարմունքներ կան, բայց պատճառաբանություն, հոգեբանական պատճառաբանություններ չկան։ Հերոսը կոխում է վեպի շեմքը և դուք մինչև այնտեղից դուրս գաք, նույնն եք տեսնում. կյանքի պայմանները կարծեք նշանակություն չունեն հերոսի համար, բարի մարդը մինչև վերջն էլ բարի է մնում, չարը՝ չար։ Կոպպերֆիլդը, օրինակ, միշտ բարի է, զգայուն, հնազանդ, սիրող սրտի տեր, քնքույշ. Դորան միշտ բարի, թրթռուն, կենսալի, մի քիչ թեթև, ազնիվ սրտի տեր. Ագնեսսան միշտ չափավոր, հանդարտ, հանգիստ, ծանր. և այլն։ (Մենք օրինակներ դիտմամբ «Կոպպերֆիլդ»–ից ենք բերում, ավելի մատչելի լինելու համար)։ Այդ մեծ պակասությունը, մեր կարծիքով, հետևանք է այն հանգամանքի, որ Դիկկենսը բարոյախոս՝ մորալիստ է. իսկ մորալիստները չեն ուզում հասկանալ, նրանք պահանջում են, նրանք ասում են, թե ինչ պիտի անես, առանց նայելու, թե կարող ես անել։ Մենք կանգ չենք առնում Դիկկենսի պակասությունների վրա. մենք կամենում էինք նրան բնորոշել միայն։ Մի քանի նկատողություն էլ վեպի մասին։

Վեպը կենսագրական է. այդտեղ Դիկկենսը ինքնակենսագրություն է