Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/141

Այս էջը հաստատված է

գրում։ Նա էլ աղքատ է եղել, ուշ է դպրոց գնացել, իր բարեկամ մի վաքս շինողի աշակերտել է, հարուստ երևակայություն է ունեցել և պատմելու շնորհք. գրական գործունեություն է սկսել, սղագիր է եղել, կամաց կամաց գործերը հաջող են գնացել։ Երիտասարդ ժամանակ նա սիրահարվում է մի աղջկա, բայց այդ սերը Դիկկենսի համար անհաջող վախճան է ունենում՝ աղջիկը մի ուրիշի է առնում, այդ աղջկան է նա իր վեպում գրել Դորա անունով։ Դիկկենսի հայրը անհաշիվ ապրող մարդ է եղել, պարտքերի համար բանտ է նստել, ինչպես միստր Միկոբերը. այդ անձնավորությունը նրա հայրն է։ Բայց իհարկե ամեն բան այնպես չի եղել, ինչպես վեպի մեջ է պատմած, հայտնի ներդաշնակություն է պահպանված իրականության և ստեղծագործության միջև։ Այս վեպը ըստ ամենայնի համարվում է Դիկկենսի ամենահաջող գործը։ Անցնենք թարգմանության։

Վեպն ընդհանրապես լավ է կրճատած։ Մեր պայմանները ավելին թույլ չեն տալիս անել, նշանավոր վիպասանների կրճատ երկերն ունենալն էլ կարող է մեզ բավականացնել, մի պայմանով, որ կրճատումը լավ լինի արած։ Այս վեպի մեջ բովանդակության էական մասը և գործող անձերի բնավորության խոշոր գծերը պահպանված են։ Մի երկու տեղ երևում է կարկատած լինելը, ինչպես 276 էջում, ուր պատմությունն ընդհատվում է և փոխվում։ Բայցևայնպես այնքան արժանիքներ ունի նույնիսկ իր այժմյան դրությամբ, որ մենք առանց վարանելու խորհուրդ ենք տալիս մեր ընթերցող դասին անպատճառ ձեռք բերել այդ գիրքը։

Գալով թարգմանության՝ կասենք. եթե մեր բոլոր թարգմանիչները այսպես թարգմանեին իրանց հանձնած վեպերը, մենք ավելին առ այժմ չէինք պահանջիլ։ Վեպի լեզուն կարող մարդու ձեռքում է եղել. կարդալիս զգում եք, որ հայերեն եք կարդում։ Լեզվից հետո երկրորդ գլխավոր արժանիքը հեղինակի ոգին պահպանելն է. գոնե այդ ոգու մի կողմը շատ լավ է արտահայտած, այնպես որ զանազանություն չկա ռուսերեն թարգմանության և հայերենի արած տպավորության միջև։ Թարգմանիչը լավ է արտահայտել Դիկկենսի լացի ջիղը, թույլ է արտահայտած միայն նրա հումորն ու ծաղրը, դրա պատճառը մենք այն ենք համարում, որ թարգմանչի ոգին այդ տարրը այնպիսի ուժեղ չափով չունի։ Նմանը միայն կարող է նմանին հասկանալ. ամենքին հայտնի է այն ասվածքը, թե՝ Շեքսպիրին թարգմանողը պիտի Շեքսպիր լինի. այդ միտքը շատ ճիշտ է և ամեն դեպքում էլ պահպանում է իր ուժը։ Թարգմանել չի նշանակում մի լեզվի խոսքերը մյուս լեզվի խոսքերին վերածել, այլ թափանցել հեղինակի հոգու մեջ և արտահայտել նրա զգացածը, իսկ այսպես կարող է անել միայն նա, ում հոգին նույն տարրերն ունի, ինչ որ թարգմանելիք