Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/143

Այս էջը հաստատված է
Անատոլ Ֆրանս, «Երեք դար ու կես հետո»
(ծննդյան տոնի ֆանտազիա)[1]

Այս փոքրիկ գրվածքը պատկանում է ընկերական գրականության այն ճյուղին, որ անհրապույր ներկային հակադրում է հրապուրիչ ապագան։ Այս կարգի գրվածներ հնում մի քանի հատ են եղած, այդպես են Պլատոնի «Պետությունը», Կամպանելլայի «Արևի քաղաքը» և Մորի «Ուտոպիան»։ Այնուհետև, ընկերավարական շարժման արշալույսին մի շարք հեղինակներ դուրս եկան ապագայի ծրագիրներով և ներկայի անողոք քննադատությամբ և ապագատենչ գրականութունը դարձավ մի հաստատուն ճյուղ։ Չերնիշևսկու «Ի՞նչ անենք» վեպն ու Րաֆֆու Խենթի երազը այդ ճյուղին են պատկանում։ Անցյալ դարի վերջին ամենից մեծ հռչակ ստացավ Բելլամու «Հարյուր տարի հետո» գրվածքը, որ թարգմանված է նաև հայերեն։

Այս կարգի բոլոր գրվածները նկարում են իդեալական համայնակարգ. ապագայի պատկերները մեծ մասամբ ստեղծվում են հակադրության ճամփով. ժխտում են եղածը և առաջարկում հակառակն ու լավագույնը։ Սրանից հետևում է, որ ապագայի հեռանկարը այնքան արժեք ունի, որքան հեղինակը լավ է ճանաչում ներկայի չարիքը։ Պարզ է նույնպես, որ ամեն հեռանկար համաբույժ չի կարող համարվել, որովհետև հեղինակ հեղինակից տարբերվում է իր ըմբռնումի խորությամբ և լայնությամբ։ Մեկին շատ ծանր է գալիս, օրինակ, այսօրվան քաղաքների անմաքրությունը, լուսավորության անկատարությունը, մթերքների թանգություւնը և նման բաներ. իր նկարած իդեալական քաղաքում այդ ամենի կարգավորումն է տալիս և գոհանում դրանով։ Մի ուրիշը դասակարգերի փոխադարձ հարաբերությունից է դժգոհ, աշխատանքի ստորադաս վիճակն է նրան զայրույթ պատճառում և ահա նկարում է նա մի համայնակարգ, ուր դարմանված են այդ չարիքները։

Այսպիսով գրվածքից կարելի է ճանաչել հեղինակի հակումները, արդարության և գեղեցկի զգացումի խորությունը, մարդկային բնույթի ըմբռնման կարողությունը, բարդ խնդիրներ լուծելու հնարամտությունը։ Գրականության այս ճյուղը գոհացում է տալիս մարդու հիմնական հակումներից մեկին՝ ներկայի չարիքը երազով հավասարակշռել. և քանի ընկերական գիտություններն առաջ գնան և մարդիկ հասկանան հանրային

  1. Արտատպած «Հորիզոն» լրագրից, թարգմ. Սալլիմյան, Ալեքսանդրապոլ, 1912, 30 էջ, գինը 7 կ.։