Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/145

Այս էջը հաստատված է

է միայն այդ գործով պարապում, այնուհետև նա վիճակագիր է։ Պատմության տեղն այժմ վիճակագրությունն է բռնել, ասում է նա։

Նստում են ընթրելու․ կերակուրները փոխված են. գարեջուրը ոգի չունի։ Զրոյցը դառնում է ընտանեկան կազմի շուրջը։ Սեղանակիցներից մեկը, մի պատանի, իրոք մի կին՝ բացատրություններ է տալիս։ «Մենք կարծում ենք, որ մարդկային էակի ճակատագիրը չի կարող և չպիտի կախված լինի մի խոսքից»։ «Իսկապես ոչ տղամարդը, ոչ կինը մի պարտականություն հանձն չեն առնում»։ Բայց շատ անգամ նրանք հավատարիմ են մնում ամբողջ կյանքում։ Մի ժամանակ ասում էին, որ կինը տղամարդուն է պատկանում։ Մենք կարծում ենք, ասում է նա, «որ մարդկային էակը ինքն իրեն է միայն պատկանում, ոչ թէ ուրիշի»։ Երեխաներին դարձյալ մայրերն են խնամում, բայց ոչ ամեն կին մայր է դառնում։ «Այն ժամանակից, երբ կանայք սկսեցին գործել ու մտածել նույն ձևով ինչպես տղամարդիկ՝ երևացին բազմաթիվ կանայք, որոնք իրենց տեսքով բոլորովին նման են երիտասարդներին». գուցե գա մի օր, որ անսեռ էակներ ստեղծվին։

Այնուհետև սեղանակից կանանց մեկի ուղեկցությամբ պատմողը գնում է իր բնակարանը. ճամբին պարզվում է, որ զգացումը երեք դար ու կես հետո էլ մնում է նույն մղիչ ուժը, որ բնազդը շարունակում է բանականությունից ուժեղ լինել, իսկ սեռերի հարաբերությունները «հաճախ տանելի են, հազվագյուտ դեպքերում՝ հմայիչ են, երբեմն՝ սարսափելի»։ Պատմողն արթնանում է, երբ ուղեկցուհու ձեռքը բռնած տանում էր շուրթերին...

Մեր հաշվետվությունից կարելի է տեսնել, որ Ա. Ֆրանսի գրվածքը մի ուրվագիծ է իսկապես, ուր նկատողության են առնված ժամանակակից կյանքի մի քանի ախտավոր կողմերը միայն։ Փարիզաբնակ քաղքենին է. որ երազում է ապագայի մասին, մի մարդ, որ զզված է զորանոցի նման մեծ տներից, մտավոր և մարմնական աշխատանքի անջատումից, ժամանակակից կանանց և ընտանեկան կազմի այլանդակություններից և արդյունաբերության ու սպառման անիշխանությունից։

Թեև թարգմանությունը կատարված է անհարթ լեզվով, բայց այս և սրա նման գրքերի լայն տարածումը չափազանց օգտակար է. նրանք կարող են բանալ ընթերցողի աչքը մեր ընկերական կարգի թերությունների վրա և վարակել վերակազմության տենչով շատերին, որոնք խուլ դժգոհություն ունեն աշխարհից, բայց պարզորեն չեն գիտակցում իրենց հակումներն ու ժամանակակից կյանքի զարգացման միտումները։