Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/147

Այս էջը հաստատված է

Բայց պատմենք բովանդակությունը.

Տիկին դը-Վինյին նոր թաղել է իր ցոփ ու անառակ, անասուն ամուսնուն, որի հուղարկավորության ի պաշտոնե եկել է Պարիզի բարձր դասը։ Նա վճռել է առանձնացած կյանք վարել իր միակ որդու՝ փոքրիկ Արմանդի հետ. նա մերժել է երկրորդ անգամ ամուսնանալու լուռ առաջարկը, որ արել էր իրան այնքան հավատարիմ ու վախով սիրող դը-Որիս գնդապետը։ Նա իր կյանքն ու հույսերը կապում է այդ աճող մանկան, այդ միակ զավակն է եղել նրա մխիթարությունը ամուսնու կենդանության ժամանակ և է այժմ։ Նրա սերը բուռն է և չափն անց է կենում. նա նախանձում է նույնիսկ իր որդու ընկերներին, առանց նրան՝ ուղղակի անկարող է ապրել։ Տիկինը որդու սիրուն մերժում է դը-Որիսի երկրորդ առաջարկն էլ։

Արմանդն արդեն քսան տարեկան է։ Մոր ջանքն է եղել նրան անարատ պահել, մինչև կարող լինի մի լավ աղջկա հետ պսակել։ Եվ Արմանդն իսկապես մաքուր է, անարատ, անմեղ, համեստ, ընկերները նրան «օրիորդ» են ասում, մարդիկ, որ մի քանի սիրուհի են փոխել։ Արմանդի սերը լիովին դրված է իր միակ հավատարիմ ու անձնվեր ընկերոջը - մորը, որի արած զոհաբերության մեծությունը նա զգում է և աշխատում է երախտագետ լինել։ Բայց Պարիզը փորձանքներից ազատ չէ...

Տիկնոջ տունը կար անելու է գալիս մի սիրուն, թարմ, քնքույշ, ուշիմ, համեստ և աշխատող աղջիկ՝ Հանրիետը։ Տարիները հարկ են պահանջում, և Արմանդը անսովոր հուզումներ ու հույզեր ունի. երբ անցնում է այդ աղջկա մոտից՝ «մի ուրիշ տեսակ» է դառնում։ Բայց երկուսն էլ շատ են անփորձ ու համեստ, նրանք միայն կարմրում են ու շոյանք զգում իրար տեսնելուց, թեև իրար չեն նայում։ Նրանք ապրում են այն րոպեների համար, երբ իրար կտեսնեն. բայց իրար հետ չեն խոսում։ Աղջիկն իր գործը վերջացնում է Տիկնոջ մոտ, մի ուրիշ տեղ գործ գտնում. այսպես էլ վերջանում է երկուսի ծանոթության առաջին շրջանը։

Բայց պատահմունքը Կուպիդոնի բարեկամն է։ Մի օր Արմանդը հանդիպում է Հանրիետին հիվանդանոցից վերադառնալիս, ուր նա գնացել էր մորաքրոջը տեսնելու։ Արմանդը կանգնում խոսում է, միասին գնում են ճաշելու, զբոսանքի, և նույն երեկոյան Հանրիետը դառնում է Արմանդի բարեկամուհին։ Հանրիետի մորաքրոջը չվշտացնելու համար Արմանդը մի սենյակ է վարձում, ուր իրար հանդիպում է ջահել զույգը։ Այդ կապը վաճառք չէ, երկուսն էլ իրար սիրում են ջերմ ու անկեղծ, նրանք մաքուր բնավորություններ են։

Սակայն փոթորիկը շուտ է վրա հասնում։ Արմանդի մայրը մի օր