Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/149

Այս էջը հաստատված է

որ նրան մի նամակ են տալիս։

Հանրիետն է. գրում է հիվանդանոցից. նա մեռել է արդեն. նա ներողություն է խնդրում իր ու Արմանդի համար, նա սոսկում է այն մտքից, թե Տիկինը կմտածի, որ ինքը մոռացել է Արմանդին, տեսնելով, որ փնջեր չկան որդու գերեզմանի վրա, նա գրում է, որ տիկինը չկասկածի իր սիրո, հավատարմության վրա։ Նա խնդրում է գերեզմանատուն գնալիս ամեն կիրակի երկու սվանոց (= 4 կոպ.) մի փոքրիկ ծաղկեփունջ էլ իր կողմից դնել Արմանդի գերեզմանի վրա։ Տիկինը արտասվում է, բայց նախանձում, տեսնելով, որ «այն աղջիկը» իրանից շատ էր սիրում Արմանդին. ու քիչ առաջ պայծառ օրը վատանում է նրա աչքին պսակի գլխարկի հետ։

Հանրիետի անձով, ինչպես տեսնում եք, հեղինակը ստվերում է տոհմիկ տիկնոջ բարոյական էությունը՝ նրա ինքնավստահությունը հաստատուն սիրո մեջ և հպարտանալը իր արած զոհով ու սիրո անկեղծությամբ։ Ավելի մեծ զոհաբերություն է անում այդ բանվոր աղջիկը լուռ, համեստ, առանց ցուցամոլության. մինչդեռ քսան-քսանումեկ տարեկան որդի ունեցող մայրը, նրան թաղելուց հետո, դեռ կարելի է համարում ամուսնությունը, Հանրիետը մահվան մահճում իսկ Արմանդի մասին է մտածում։ Դա մի հերքում է տոհմիկ տիկնոջ բանվորուհու մասին ունեցած կարծիքին, մի կարծիք, որով բանվորուհին անառակ է միայն և մոլորեցնող, որ ենթադրում է, թե անկեղծ ու հարատև, անձնվեր ու բուռն սեր միայն այն սրտերում կարող է լինել, որոնք փարթամ ու հարուստ հագուստի տակ և շքեղ բնակարաններումն են բաբախում։ Պարզ է, թե Կոպպեն ինչ է ուզում ասել Հանրիետի համակրելի դեմքով։

- Ռենուֆ տատի... Ձեր բնակարանից սոխի ու թռչունների վատ հոտ է գալիս, դուք մի սովորական ու ռամիկ կին էիք և Հանրիետի երեսին մոտեցրած ձեր քիթը ամբողջապես քթախոտի մեջ էր շաղախված։ Այնուամենայնիվ, Ռենուֆ տատի, օրհնյալ լինեք դուք, որովհետև ձեր դեղին ու մանր ծաղկավոր հնդկական բաճկոնի տակ մի այնպիսի հազվագյուտ բան կար, որ ընդհանրապես մարդիկ չէին էլ ենթադրում - մի շատ բարի և կարեկից սիրտ։ Այս դիմումը Կոպպեն անում է Տիկնոջ աղախնին, որից Հանրիետը լուր էր ստանում Արմանդի մասին, երբ սա հիվանդ էր և որը մխիթարում ու խնամում էր խեղճ աղջկան մտնելով նրա դրությունը։

Տեսնո՞ւմ եք այս վերաբերմունքը դեպի հասարակ դասը, այդ բարի և կարեկից սրտի գնահատությունն ու ջատագովությունը, այն գինը, որ տալիս է Կոպպեն այդ սրտին առանց շլանալու արտաքին ճոխությունից ու շուքից, առանց խաբվելու պաշտոնական ցավակցություններից ու