Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/15

Այս էջը հաստատված է

մեր գրականության մի հմտալից ու գիտական պատմության։

Ես գոհացա իմ ըմբռնումը պարզել այդ մասին իբր ցուցում ու հրահանգ, եթե լսող գտնվի։ Պիտի անեմ կարելին ոչ իբր հմուտ ու գիտուն, այլ իբր մի պարզ գրասեր։ Արծարծելով սեր դեպի մեր հին ու նոր գրականությունը՝ ես այն հույսն ունեմ, թե ունկնդիր բազմության միջից պիտի դուրս գան երիտասարդներ հետազոտելու մեր գրականությունը ոչ սիրողաբար, այլ իբր գիտուն բառի լավագույն առումով։ Հին սերունդը պայծառ գաղափար չուներ գրականության պատմության մասին, ես ունեմ, բայց անկարող եմ իրագործել, նոր սերունդին կմնա և գաղափարն ունենալ, և իրագործել։

Ամբողջական երկեր, հ. IV, էջ 73-81
Ղազար Փարպեցի

Թեև 440-ին Հայոց թագավորությունը վերջացսւծ էր, բայց Հայոց ներքին կացությունը դեռ շատ ամուր էր. հայ էր սպարապետը՝ Վարդան Մամիկոյան. հայ էր և մարզպանը՝ Վասակ Սյունի։ Հոգևոր դասի գլուխն էր Մաշտոցի աշակերտը՝ Հովսեփ։ Նախարարներն ու հոգևոր դասը իրենք զիրենք կնկատեին տեր ու տնօրեն հայ ներքին կյանքին, և Շահապիվանի ժողովին կանոններ կսահմանեին այդ կյանքը կարգավորելու համար։

Բայց դարու կեսին պայմանները կփոխվին։ Կրոնափոխության գաղափարը մերժելով՝ նախարար և հոգևոր դաս կապստամբին։ Ներքին տարակարծության հետևանքով՝ Հայերը կպարտվին։ Նախարարներու մեկ կեսը կմեռնի պատերազմի դաշտին վրա, մյուս մասը կաքսորվի հարավ-արևելք. անոնց կալվածները կգրավվին և ընտանիքները կմատնվին թշվառության։ Հոգևոր առաջնորդները կնահատակվին։ Վասակ Սյունին պաշտոնանկ կըլլա և կմեռնի չքավորության մեջ։ Ուրացությունը կդառնա հաջողելու միջոց և կրոնափոխ նախարարները կվարեն հայ կյանքը։ Կաթողիկոսական իշխանությունը կանցնի Մանազկերտցիներուն, որ հակառակ էին Լուսավորչի տան և անոր ուղղության և քրմական սերունդ էին։ Մանազկերտցի էր Սուրմակը, որ կամբաստաներ Ս. Սահակը Պարսից արքային առջև. նույն շրջանին էր Գաթիշոյ Մաղխազը, որ կամբաստաներ Գյուտ կաթողիկոսը։ Հոգևոր թե աշխարհիկ վարիչներն այդ աշխարհի՝ պարսկամետ էին հինեն ի վեր։