Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/150

Այս էջը հաստատված է

կարեկցությունից։ Ահա թե ինչու նա սիրելի պիտի լինի ընթերցողներին. այդ մարդասեր վերաբերմունքը դեպի մարդը, որ 40-ական թվերից առաջ է եղել ֆրանսիական գրականության մեջ, տվել է մի շարք մեծ գրողներ, նրանց է աշակերտում Կոպպեն։ Կոպպեն համակիր է անմիջական, անկեղծ, կարեկից, ոչ շլացուցիչ, այլ պարզ ու հասարակ վերաբերմունքին։ Այդ իր սրտին մոտ վերաբերմունքը նա գտնում է ազգի հասարակ դասի մարդկանց մեջ և ահա թե ինչու նրա գրվածների նյութը հասարակ, զրկված դասն է իր հոգս ու ցավով, լաց ու ծիծաղով։

Վեպիկի մի քանի կտորները լիրիկական շեղումներ են, որոնք տպավորություն են անում. օրինակ Արմանդի մահվան և ապա՝ նրա սիրո մասին։ Եվ առհասարակ բանաստեղծը իր այս պատկերումն էլ համարյա լիրիկ է. մի բան, որ արգելում է նրան մինչև գեղարվեստականությունը բարձրանալու ուրիշի կյանքը նկարագրելիս։ Նա նկատում և պատկերում է դիրքեր ու վարմունքներ, նա մարդու հոգին խորը չէ ճանաչում, այդ հոգին նրա համար մի պարզ բան է։ Նա տալիս է վերաբերմունք մեծ մասամբ առանց պատճառաբանելու, մենք չենք տեսնում վարմունքների պատճառաբանությունը գործող անձերի հոգու մեջ, չկա նրանց հոգու վերլուծությունը։ Կոպպեն նկատում և արտահայտում է այն, ինչ նկատում են շատերը, տալիս է եղածի արտաքինը, բայց չի ցույց տալիս, թե ինչու է լինում և ինչպես է նախապատրաստվում, կամ ինչպես է արտահայտվում եղածը մարդու հոգու մեջ. նա հոգեբան չէ, վերլուծող չէ։ Ահա թե ինչու նա բացատրությունների է դիմում - ցույց տալու և նկարելու տեղ. ահա թե ինչու ինքն է հայտնում, թե ի՞նչ էր զգում այս կամ այն անձը. նա դիրքեր է տալիս և բացատրություն մեջ բերում։ Դրանից նրա անձերը երես են դուրս գալիս, մակերևույթային են, ոչ խորն ու բարդ, բայց որոշ են. ահա ինչու նա քիչ լարերի է զարկում և ուժով չի զարկում, բայց դուրեկան է նրա մեղմ շոյանքը. դուք նոր ոչինչ չեք ստանում մարդու հոգու մասին, բայց հաճույքով կրկնում եք գիտցածը ու նայում մի անգամ տեսածի վրա։ Չկարողանալով հոգեկան աշխարհի վերլուծումով տպավորություն անել, նա դիմում է ամեն գրողի համար պատրաստ պատահմունքներին ու էֆեկտներին, թեև դրանք կարելիի սահմանից դուրս չեն գալիս երբեք, այսպես, օրինակ՝ Հանրիետի նամակն այն օրն է ստացվում, երբ Տիկինը պսակի պատրաստության ետևն է ընկած։ Լինելով պարզ տաղանդ ու պարզ ոգի, նրան հաջողվում է պարզ անձեր նկարել. ամենահաջող անձը Հանրիետն է, հետո՝ Արմանդը, իսկ ամբողջ գրքույկում ամենալավ կտորը Հանրիետի նամակն է, որով վերջանում է գրվածքը. այդ նամակը հուզում է. այդ