Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/151

Այս էջը հաստատված է

պարզ, հասարակ, խոնարհ ոճը, այդ ջերմ զգացմունքը, այդ հարգանքի վերաբերմունքը հակառակորդին, բոլորը սիրուն է. պարզ բանաստեղծը պարզ հոգուն լավ է հասկացել։

Հեղինակի հոգու պարզությունը իր կնիքը դրել է և այն վերաբերմունքի վրա, որ նա ունի դեպի իր տված կյանքն ու դրած խնդիրը։ Կոպպեի պատկերում երկու խնդիր կա իսկապես. մեկը երկու նորատիների կապը, մյուսը մոր դիրքը դեպի այդ կապը, թե առաջին և թե երկրորդ խնդիրը նա չի մշակել բավականաչափ. մի քիչ գերակշռում է մշակման կողմից առաջին խնդիրը, իսկ երկրորդը, որ մի շատ հիմնական ու նշանավոր, կարելի է ասել՝ մշտական մնայուն կողմն է մարդկային ոգու, մնացել է «ընդ գրվանավ»։ Մոր ու որդու սերը սկսում է տեղի տալ մի աղջկա սիրո դեմ. այդ մրցությունը, մարդու հոգու դրությունը այդ ժամանակ շատ ավելի ծանր ու բարդ խնդիր է, որ կարողանար Կոպպեի պես մի գրող մշակել։ Մենք սակայն խոսք ունինք Արմանդի ու Հանրիետի կապի մասին և այն վերաբերմունքի, որ ունի դեպի այդ կապը Կոպպեն։ «Գրականության ձեռին քաղաքակրթության գաղտնիքներն են, բանաստեղծության ձեռին իդեալի գաղտնիքները»,- ասում է Հյուգոն։ Եվ գրողների արժանիքն իրանց իդեալներով է չափվում։ Մեծ բանաստեղծները նրանք են, որոնք իրանց տված կյանքի վրա արծվի հայացք կարող են ձգել, որոնք իրանց մեծ իդեալների բարձունքից են նայում այդ կյանքին, որոնք իրանց անձերին վերաբերվում են իբր քրիստոնյա և ոչ իբր կուսակցության մարդ. իսկական մեծ բանաստեղծը միայն համազգալ գիտե և ոչ համակրել. նրա հայացքը լայն է և չի ճանաչում կուսակցություն։ Կան գրողներ (բանաստեղծներ), որոնք գոյություն ունեցող կյանքը ոչինչ են համարում իրանց իդեալների առաջ. այդ տեսակ մարդու գրչի տակ կյանքը ծայրեծայր ծաղրի նյութ է դառնում կամ կեղծիքի անսահման դաշտ. նրանց վերլուծության առաջ չքանում են բոլոր մեծությունները, բոլոր ազնիվ, անկեղծ, առաքինի համարվող վարմունքներն ու հոգեկան շարժումները։ Կան և այն տեսակ գրողներ, որոնց իդեալը չարացած է ու դուրս չի գալիս գոյություն ունեցող կյանքի սահմաններից, այդ արդյունք է նրանց բարոյական բնույթի, որ ոչ լայն է, ոչ խոր։ Այն, ինչ ուրիշից անքուն գիշերներ է խլում, նրանց համար սովորական բան է, այն, ինչ վրդովում է ուրիշի բարոյական աշխարհը, ինչ ուրիշի հոգում անվճռելի ու ծանր հարցերի մի բարդ ցանց է առաջ բերում, նրանց համար վճռած խնդիր է ու իր անունն ունի։ Կոպպեն այդ տեսակ գրող է. նրա իդեալը շատ չնչին է ու խեղճ, նրա բարոյական զգացմունքը բավականին բութ է, ուստի և նա կատարվող իրականության մեջ է իր բանաստեղծության