Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/153

Այս էջը հաստատված է

են հանելու. առանց «իրանց» ասելու էլ հասկանալի է։ Մի ուրիշ նման օրինակ. «Տիկինը յուր ամուսնուն երբեք չէր սիրած, իսկ հիմա նա արհամարհում էր նրան» (էջ, 8)։ Կարելի էր կարճ ու լավ ասել. «Տիկինը ամուսնուն երբեք չէր սիրել, իսկ այժմ արհամարհում էր» նույն միտքը՝ առանց յուր, նրա, նրան։ Այս ամենագլխավոր պակասությունն է, որ ունի թարգմանչի լեզուն. մեր լեզուն չի սիրում ավել բառ ասել այնտեղ, ուր առանց այդ բառի էլ միտքը պարզ, որոշ ու հասկանալի է. մեր լեզուն շատախոս չէ, նա սիրում է հակիրճ լինել։ Օրինակների թիվը չարժե բազմացնել, ամեն էջում ընթերցողը կարող է տեսնել։ Բայց թարգմանչի գլխավոր արժանիքի առաջ այդ պակասությունը, որ անկասկած շատ մեծ է, կորցնում է իր մեծության մի մասը։

Մուրճ, 1899, № 4-5, էջ 497-504
Միլտոն
(Ծննդյան 300-ամյակի առթիվ)

Երբ Կառլոս I-ի գլխատումից հետո Անգլիայում հաստատվեց պառլամենտական կառավարություն, Միլտոնն ստանձնեց պետական քարտուղարի պաշտոն՝ լատիներեն գրագիտության համար։

Այդ պաշտոնում եղած, կառավարությունը նրան հանձնարարեց պատասխանել այն անանուն պարսավագրին, որ լույս տեսավ Կառլոս I-ի գլխատումից հետո և որ կրում էր «Eikon Bazilikae» (Պատվեր թագավորի) խորագիրը։ Այս գրությունը, որ մեծ հաջողություն ունեցավ, գլխատված թագավորի կուսակիցների գործն էր և ջատագովում էր այդ բռնակալին։ Միլտոնը մի պատասխան գրեց։ «Eikonaklaste» (Պատկերամարդ) վերնագրով, ուր սրամտությամբ ջախջախում էր անանուն հակառակորդի բոլոր առարկություններն ու պատճառաբանությունները։

Հետագա բանակռիվները, որ նա վարեց կրոնական և քաղաքական ուրիշ հակառակոդների դեմ, պակաս հաջողություն ունեցան։

1652 թ. Միլտոնը կուրացավ. այդ հանգամանքը շատ ազդեց նրա նյութականի վրա։ Հասարակապետության անկումը և Ստիվարտների վերադարձը կատարյալ ավեր բերին Միլտոնին։ Նրան բանտարկեցին և ինչքը գրավեցին հարքունիս։ Բայց ավելի ծանր հարված եղավ նրա համար իր կուսակցության կատարյալ պարտությունն ու քայքայումը։

Ծեր հասակում նա մնաց մենակ, փակված ընտանեկան նեղ շրջանակում՝