Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/154

Այս էջը հաստատված է

իր երկրորդ կնոջ և երկու աղջիկների հետ։ Առաջին կինը վաղ մեռավ. մահից մի քանի տարի առաջ նա դարձավ մարդու մոտ։ Երկրորդ կինը լիովին անմասնակից և օտար էր նրա հոգեկան կյանքին։ Աղջիկները բարյացակամ չէին դեպի հայրը, դրա պատճառը՝ մասամբ ինքն էր. նա ստիպում էր, որ աղջիկները իրենց չհասկացած լեզվով (եբրայերեն, հունարեն և այլն) ամեն օր մի բան կարդան իրեն։

Այսպիսով վրա հասավ Միլտոնի կատարյալ միայնության և միաժամանակ մեծագույն ստեղծագործության ժամանակը։ Իր կյանքի վերջին շրջանում 1660-1674 թ. նա ստեղծագործեց երեք հանճարեղ երկ. «Կորցրած Դրախտ», «Վերստին Գտած Դրախտ» և «Սամսոն Ագոնիստ»։ Սրանցից առաջինը լույս տեսավ 1667 թ., վերջին երկուսը՝ 1670 թ.։

«Կորցրած Դրախտը» քրիստոնեական վիպագրություն է։ Նրա նյութն է հրեշտակների ըմբոստությունը Աստծո դեմ և նախամարդու անկումը։ Նա տարբերվում է Հոմերոսի հերոսական էպոսից և Դանթեի «Աստվածային կատակերգությունից» նրանով, որ «Կորցրած Դրախտի» մեջ հեղինակի ստեղծագործական հղացումը ազատ չէ։ Մաքրական Միլտոնը իր նյութն է ընտրել Աստվածաշունչից և գրում է Ս. գրքի խոսքերի համաձայն։ Բացի այդ, նրա ընտրած հերոսներն ու գործող անձերը պատկանում են գերմարդկային ոլորտին և չեն թույլ տալիս, որ նկարագրություններն այնպես իրական լինեն, ինչպես օրինակ, Դանթեի անմահ և գրավիչ երկի մեջ։

Մյուս կողմից Միլտոնի վիպերգության գործող անձերն ու հերոսներն են՝ Աստվածն ու Որդին, հրեշտակներն ու դևերը։ Ադամն ու Եվան անգլիական ժողովրդի երևակայության մեջ որոշ կերպարանք ունեն։ Այդ երևակայությունը կրթվել է Ս. գրքի հարատև ընթերցանության ժամանակ և Միլտոնը, որ խորապես ազգային մի բանաստեղծ է, իրավունք չի համարել մի նշանախեց անգամ շեղվելու այդ ավանդական պատկերացումներից։

Միլտոնի ընտրած նյութի առանձնահատկությունները իրենց դրոշմը դրել են «Կորցրած Դրախտի» վրա։ Նկարագրությունները պայմանական են, ոճի մեջ քիչ պատկերավորություն կա, Ս. գրքի էակները հաճախ թվում են այլաբանություններ։

Այս երկի անանց նշանակությունը դրախտի և դժոխքի հոգեբանական մրցման մեջն է։ Միլտոնի քաղաքական բուռն ու եռանդուն կրքերը նպաստեցին ստեղծելու սատանայի հսկայական պատկերը, որին ազատության տենչը հասցրեց չարության։

«Կորցրած Դրախտի» ամենից ներշնչված մասը առաջին գլուխն է, ուր Ստեղծողի հաղթված թշնամին, հպարտ իր անկումով, կազմում է Դիվահռչակ,