Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/155

Այս էջը հաստատված է

սպառնալիքներ ուղղելով երկնքին։ Ընդհանրապես ռոմանտիկ դպրոցի և մասնավորապես Բայրոնի դիվականության նախաղբյուրն այս երգի մեջն է թաքնված։ Մաքրական Միլտոնի ռազմական կրոնականությունը իր դարի շունչն անձնավորել է դեպի ազատությունը միտող այս չար ոգու պատկերի մեջ։

«Կորցրած Դրախտի» այս դիվական կողմի բարձր ներշնչմանը համապատասխանում է այս անզուգական վիպերգության հովվերգական մասը. այստեղ մեր առաջն են գալիս դրախտի, մարդկային առաջին զույգի ջերմ սիրո և նրանց արտաքսման նկարագրությունները։ Բանաստեղծական անթիվ գեղեցկությունները զգացումների արտահայտության մեջ, շարքերի նվագայնությունը, ահարկու ներդաշնակությունները, որ մեզ պատմում են անհաշտ մաքառման մասին հավատի գործում՝ ԺԷ դարի այս աննման վիպերգության հավերժական կյանք են տալիս։

«Վերստին գտած Դրախտը», որ պատմում է Քրիստոսի փորձվիլը չարության ոգուց, արհեստական և սառն տպավորություն է անում։

«Սամսոն Ագոնիստ» երկում, որ Միլտոնը գրեց իր ծերության օրերուն, բանաստեղծը ներկայացնում է Ս. գրքի ավանդական հերոսին և նրա անձի մեջ արտահայտում է իր կուսակցության խորտակված հույսերը։

* * *

«Կորցրած Դրախտը» հայերեն թարգմանված է երկու անգամ, երկուսն էլ գրաբար։

Առաջին թարգմանությունն արձակ է և լույս է տեսել 1824 թ., թարգմանիչն է Հ. Հ. Ավգերյան։ Երկրորդ անգամ թարգմանել է Հ. Ա. Բագրատունին, ոտանավորով։ Միլտոնի կյանքի դրվագներից մեկը՝ նրա հանդիպումը Գալիլեին, մի ազնիվ քերթվածի նյութ է դարձել, որ գրել է Լ. Մանվելյան և որի խորագիրն է «Գալիլեյ և Միլտոն»։

Գործ, 1908, № 54


Ե. Անիչկով, «Գրական երևույթներ»
(փոխառումները գրականության մեջ)

Տասնութերորդ դարի վերջերին մի հետաքրքրություն առաջ եկավ դեպի միջնադարյան գրականությունը։ Այդ հետաքրքրությունը հատկապես զորեղ էր ռոմանտիկների մեջ։ Բանաստեղծների և հետազոտողների ուշադրությունը դարձավ դեպի բազմաթիվ մոռացված զրույցներ,