Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/160

Այս էջը հաստատված է

մանրամասն հետազոտությունը։ Բանաստեղծի անձնական հատկությունները սահմանելիս առաջին բանը, որ պետք է որոշել, այն երկերն են, որոնք ոչ միայն շարունակ նրա աչքի առաջ են եղել, այլև վերաստեղծվել են նրա սեփական գործերում։ Այս մեթոդն ընդունելով՝ կարելի է հայտնիից դեպի անհայտը գնալ և ոչ ընդհակառակն։

Այսպես, օրինակ՝ Շեքսպիրի «Համլետը» հետազոտելիս ամեն մի ժամանակ գիտնական Սաքսոն Քերականի պատմվածքին կդիմի, որից և օգտվել է Շեքսպիրը։ Այս դեպքում խիստ հետաքրքրական է լինում դիտել այն աստիճանական փոփոխությունները, որոնց ենթարկվել է միևնույն պատմվածքը՝ անցնելով մի կուլտուրական միջավայրից մյուսը և մի հեղինակից մյուսին։ Այդ տեսակ հետազոտության օրինակ կարող է լինել երեք արկղիկների սյուժեի քննությունը, որ կատարել է Ալ. Ն. Վեսելովսկին իր «Բոկաչչիո» գրքի մեջ (այդ սյուժեն կա Բոկաչչիոյի «Տասնօրյակ»–ում - Դեկամերոն- և Շեքսպիր «Վենետիկի վաճառական»–ում)։ Այս մեթոդով աշխատել են շատ ռուս գիտնականներ ռուսաց նոր գրականությունն ուսումնասիրելիս (օրինակ՝ Ստոյունինը Պուշկինի մասին գրած գրքում)։

Այս մեթոդը, ցույց տալով այն ազդեցությունը, որ կրել են այս կամ այն ազգի գրականությունը կամ մեծ հեղինակը, ամենևին չի ջնջում որևէ գրականության բնուրույն ազգային դիմագծերը և ոչ էլ փոքրացնում որևէ հանճարի անհատական ինքնատիպության ու ինքնուրույնության չափը։ Այս բանը բավական ապացուցել է ժամանակակից գիտական քննադատությունը։ Ընդհակառակն՝ միայն այն ժամանակ կհասկանանք Գյոթեի հանճարի բնուրույնությունը, երբ ծանոթանանք դոքտոր Ֆաուստի մասին եղած լեգենդին։

Ճիշտ այդպես ռուս բըլինաների ազգային նկարագիրը ամենևին չի ջնջվում պատմահամեմատական վերլուծության ժամանակ (Ա. Ն. Վեսելովսկի), այլ միայն պատշաճ շրջանակի մեջ է մտնում և այնտեղից ավելի ուռուցիկ ու գիրթ դուրս նայում։ Նկատելու է նաև Տարդի փորձը, որ իր «Նմանական օրենքները» գրքում ձգտում է փոխառումը կամ նմանականը մարդկային բնաշրջման հիմնական օրենքը դարձնել։

Թարգմ. Ն. Ա.

Հորիզոն, Թիֆլիս, 1914, № 56