Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/162

Այս էջը հաստատված է

զարգացման հնարավորություն։ Մահմեդական անիրավ և ավերիչ տիրապետությունը վերացել էր Կովկասից։ Նազարյանը փաստաբանեց հետագա զարգացման անհրաժեշտությունը և գծեց նրա ուղիները։

Նա ջանաց պատրաստել հայ ժողովրդին իր բարձր առաքելության համար և հղացավ ու պաշտպանեց մի շարք անհրաժեշտ նորություններ հայի մտավոր և բարոյական աշխարհում։

Նա ցանկացավ իմաստ ու նպատակ հաղորդել հայ ագգի գոյության, նրա հետնորդներին էր մնում ընդգրկել այդ իմաստն ու նպատակը և շարունակել պատրաստել հայությանը իր պատմական առաքելության համար։

Նազարյանցի այդ հիմնական գաղափարը՝ միջնորդ լինել լուսավոր Եվրոպայի և խավարին Ասիայի միջև՝ մինչև այսօր կենդանի է և գործոն, նրա բովանդակությունը ենթարկվում է հոլովույթի, բայց գաղափարն ինքը մնում է հաստատուն և անսասան։

Կորովի ձեռքով և մի քանի տարի շարունակ նա վարեց իր ամսագիրը, որ հանդիսանում է առաջին աստիճանը նոր հայության մտավորական վերելքի և ներկայացնում է ամբարը մեր վաթսունական թվականների ազատական գաղափարների, որոնք այնուհետև տարածվեցին ու զարգացան մեզանում։

Կենդանացնել ժողովուրդը գիտության լուսով և դնել նրա առաջ մի վսեմ նպատակ - այս էր Ս. Նազարյանցի ծրագիրն իր էական գծերով։

Այսքան նշանավոր մի մարդու ծննդյան հարյուրամյակն է, ահա, որ լրանում է այսօր հայության վարանքի և անտարբերության մեջ։

Հորիզոն, 1912, № 285
Գր. Արծրունի

Այսօր լրանում է Գր. Արծրունու մահվան քսանամյակը։

Քսան տարի է անցել այն օրերից, երբ Կովկասի հայությանը մի չտեսնված թափորով հողին հանձնեց մի մարմին, որին կենդանություն տվող հոգին իշխում էր միահեծան հայ մտավորական ստվար խմբերի և ժողովրդական զանգվածների վրա։

Թաղում էին մի եզակի մարտնչող, որ գիտեր կռիվներ ստեղծել և հաղթանակներ տանել, մի հեղաշրջող, որ կենդանություն ներշնչեց թմրած հայության, հասարակաց շահերի մի արթուն պաշտպան և ղեկավար,