Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/165

Այս էջը հաստատված է

«Մուրճը» հիմնադրի կարծիքով պետք է լիներ «հայ մտքի աշխատանոցը» և տասներեք տարի նա անշեղ հետևեց իր ծրագրին մի հազվագյուտ տոկունությամբ և մեր գրական բարքերի մեջ չտեսնված շիտակությամբ։

Հրապարակախոսության մեջ նա մտցրեց մի նոր տարր - ընկերական-տնտեսական խնդիրներ, որոնք մինչև նրա երևան գալը պատահական երևույթ էին մեր հրապարակագրության մեջ։ Այնուհետև այդ տարրը դարձավ մի անհրաժեշտ առարկան հայ մտածության։

Այն ժամանակ, երբ գրականության բոլոր նոր ծիլերը, որոնք այսօր դարձել են ծառեր՝ հովանավոր երկնքի թռչուններին, իբր չնչին հատիկ արհամարհանքի էին արժանանում տիրող ուղղության կողմից։ Մի զարմանալի անճաշակ և անճկուն վերաբերում թագավորում էր մամուլի մեջ և հայ գրողների նոր սերունդը՝ Հովհ. Թումանյան, Ծատուրյան և նմաններ հեգնանք էին վաստակում իբր հեղինակներ և այդ էր նրանց գնահատությունը։

Ա. Արասխանյան իր «Մուրճով» հյուրընկալեց գրական նորելուկ ուժերին, հովանավորեց նրանց և պաշտպանեց նրանց ժամանակի բիրտ վերաբերումից, և նրա ամսագրի մեջ տեղ գտան ու զարգացան թե շատ նոր ուժեր և թե շատ անվանի հեղինակներ։

Նրա մեծագույն ծառայությունը հայ մտքին պետք է համարել այն համառ կռիվը, որ մղում էր դոգմատիզմի դեմ՝ նրա տեղ առաջ քաշելով քննադատական ուղղությունը և վերաբերումը ոչ միայն դեպի կյանքը՝ այլև դեպի տիրականորեն իշխող սկզբունքները։

Դրա հետևանքն եղավ անաչառ հետազոտությունների հաճախումը հայոց գրականության մեջ, որ «Մուրճից» անցավ նաև մամուլի ուրիշ օրգաններին։ Մեր կյանքի կարևորագույն հարցերը, որոնց մի մասը «Մուրճն» ինքն էր, որ հրապարակ հանեց, հետազոտվում էին բարեխղճորեն, ժամանակակից ընկերական, տնտեսական և պատմական գիտությանց տեսակետներից և իրենց լուծումն ստանում։ Հրապարակախոսությունն այսպիսով ստանում էր գիտական հիմունքներ և լուրջ արժեք։

Վերջապես խրատական էր և այդպես էլ մնաց Ա. Արասխանյանի անդրդվելի շիտակությունը և անկաշառ անաչառությունը դեպի ամեն անձ ու գործ։ Տարիներ շարունակ նա մի խարազան էր հայի բարոյական անկումին, որքանով այդ անկումը արտահայտվում էր գրականության և հանրային կյանքի մեջ։

Իր խիստ վերաբերումով նա վաստակեց անթիվ թշնամիներ ամեն ուղղության