Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/166

Այս էջը հաստատված է

պատկանող անձանց մեջ, որոնք մի ներդաշնակ միություն կազմած խորտակեցին նրա գործը և մոռացության մատնեցին նրա անձը։

Եվ այժմ, մոռացված ամենքից, գավառական մի քաղաքում, հեռու մի քանի հատ անկեղծ բարեկամներից ու հարգողներից գերեզման է իջնում Ա. Արասխանյանը, նոր սերունդին անծանոթ և հնից հալածված անիրավորեն։

Նրա մահը տխուր մտածումների առիթ է տալիս այն բոլոր մարդկանց, որոնք գնահատում են անկաշառ և շիտակ գործունեությունը մեր կյանքում և անուղղելի իդեալիստի վիճակը մեր աշխարհում։

Հորիզոն, 1912, № 267


Եվրոպան և կացությունը Բալկանում

Բալկանյան թերակղզու քաղաքական մթնոլորտը լարված է տակավին։ Տաճկաստանի հարևան չորս փոքրիկ պետություններն արդեն զորակոչ են արել, թէ՛ Սերբն ու Սև լեռնցին, թե Հույնն ու Բուլգարը թողած իրենց մասնավոր գործն ու տնտեսությունը՝ համազգեստ հագած՝ անցել են զորքի շարքը։ Ամեն տեղ պատերազմի են պատրաստվում և կռիվ են ցանկանում։

Չնայած որ Թյուրք-Իտալական պատերազմը դեռ չի վերջացել, բայց բալկանների սպառնական պատրաստությունը շփոթ ու լքում չի հարուցանում Տաճկաստանի մեջ։ Թյուրքերն իրենց հերթին աղմկալից ցույցեր են անում և կանչում են սպառնալից. «Կեցցե պատերազմը, կորչի Բուլգարիան»։

Իրերի այս վիճակը չափազանց մտահոգիչ է եվրոպական մեծ պետությանց համար, ամենքը սարսափում են համաեվրոպական պատերազմից և նրա աղետավոր հետևանքներից։ Ընդհանուր պատերազմի ժամանակ կարող է վտանգվել ոչ միայն այս կամ այն մեծ պետության միջագգային կացությունը, այլև բոլոր պետությունների ընկերական կազմը։

Բոլոր մեծ պետությունները ոչ միայն ունին արտաքին թշնամիներ, այլև ներքին հակամարտ ուժեր, որոնք չեն վարանի համատարած շփոթի մեջ փորձ անելու իրենց ձեռքը ձգել պետական կյանքի ղեկը։

Եվ ահա եվրոպական պետությանց տիրող դասերը ձգտում են խաղաղություն պահպանել Բալկանյան թերակղզու վրա։ Նրանք մի կողմից մտածում են մի հավաքական դիմում անել Բ.