Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/171

Այս էջը հաստատված է

* * *

Անցյալ անգամ մենք հիշատակեցինք մի քանի պատճառներ, որոնք Թյուրքիայի ներքին քաղաքականությունը հայ տարրի վերաբերմամբ դարձնում են տարտամ և անվճռական, բայց դրանք չեն մատնանշած երևույթի միակ պատճառները։

Կա մի շատ ավելի մեծ և նշանակալից մտահոգություն, որ թյուրքերի քաղաքականությունը հայ տարրի պաշտպանության խնդրում դարձնում է վեհերոտ։ Դա Հայոց հարցն է կամ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։

Դեռևս 1878 թ., երբ կազմվում էր Սան-Ստեֆանոյի դաշնագիրը, հայ ու թյուրք մրցում էին իրար հետ. հայերն աշխատում էին ցույց տալ, որ իրենք մի պատկառելի թիվ են կազմում հայաբնակ նահանգներում, թյուրքերը ճգնում էին պնդել հակառակը։

Հայերը հիմնված իրենց թվի վրա խնդրում էին հատուկ հոդվածով ապահովել իրենց շահերը և նրանց պաշտպանությունը հանձնել հաղթող պետության, թյուրքերը պահանջում էին, որ նման հոդված մուտք չգտնի դաշնագրի մեջ։

Չնայած Թյուրքիայի ջանքերին, հայոց խնդիրը հարգվեց և դաշնագրի մեջ մտավ մեզ համար այնքան կարևոր 16-րդ հոդվածը։ Դաշնագիրը վերաքննվեց Բեռլինում և նույն հոդվածը դեմքը շրջելով դարձավ 61-րդ, բայց և այնպես մտավ նոր դաշնագրի մեջ և նրա իրագործման վրա այս անգամ պիտի հսկեին եվրոպական վեց մեծ պետությունները միասին։

Հայոց հարցը ստեղծված էր և ստացել էր միջազգային բնավորություն։ Մեծ պետությունները իրավունք էին ձեռք բերում՝ ամեն անգամ, երբ հարմար դատեն՝ միջամտեն Թյուրքիայի ներքին գործերին թե եվրոպական Տաճկաստանում, թե ասիական Թյուրքիայում, մեկի համար կռվան էր 23-րդ հոդվածը, մյուսի համար՝ 61-րդը։

Այդ միջամտությունից ազատվելու համար թյուրքերին մնում էր երկու ճանապարհ, կամ շուտով իրագործել այդ հոդվածների տրամադրությունները լի ու լի և դրանով վերացնել միջամտության ամեն առիթ, կամ թե նույն նպատակին հասնել վերացնելով այդ հոդվածների գոյության իրավունքը, նրանց առարկան՝ Թյուրքիայի քրիստոնյաներին։

Թյուրքիան ընտրեց երկրորդ ճանապարհը և Սուլթան - Համիդ II-ի երկարատև թագավորության ընթացքում ամեն կերպ հետամուտ եղավ քրիստոնյա տարրի բնաջնջման այն շրջաններուն, որոնց վերաբերում էին այդ երկու չարաբաստիկ հոդվածները - Մակեդոնիայում և Հայաստանում։