Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/172

Այս էջը հաստատված է

Հին Թյուրքիան ուրիշ կտրուկ ու խելացի քաղաքականություն չէր կարող ունենալ, մի կողմից նա գոհացում էր տալիս թյուրք ցեղի արյունարբու բնազդներին, մյուս կողմից նա նվազեցնելով քրիստոնյա տարրը տեղ էր պատրաստում թյուրք ու մահմեդական ժողովուրդների համար։

Նրա մտահոգությունն էր ստեղծել միապաղաղ Թյուրքիա, ուր ոչ մի առիթ չլիներ որևէ արտաքին միջամտության. և ահա պետական գանձարանը ահագին միջոցներ էր վատնում և հարևան երկրներից մահմեդական գաղթականներ հրավիրելով՝ բնակեցնում նրանց քրիստոնյա ազգաբնակչության մեջ ցան ու ցիր և ամեն կերպ հովանավորում նրանց։

Այսպես ուրեմն՝ խոսելով մեր մասին՝ Թյուրքիան մի կողմից ջարդում էր հայերին հարյուր հազարներով, ստիպում էր գաղթել տասնյակ հազարներով և անտեր մնացած հողերը տալիս էր մահմեդական գաղթականներին։ Այդ էր կառավարության քաղաքականությունը։

Եկավ նոր Թյուրքիան։ Նոր կառավարությունը խուսափում էր խմբական ջարդերից, ոչ թե հայերի ապստամբությամբ մտահոգ, այլ որ արգելք դառնա հայոց խնդրի վերարծարծումին։

Մակեդոնական և հայկական խնդիրը նա ուզեց նկատել Թյուրքիայի ներքին խնդիր և շտապեց հայտարարելու, որ Բեռլինի դաշնագիրը կորցնում է իր գոյության իրավունքը։

Թյուրքիայի քրիստոնյա տարրերը համբերությամբ սպասեցին իրերի ընթացքին՝ միշտ նպաստավոր ելքի ակնկալումով, որ երբեք չհասավ։ Այնուհետև մակեդոնացիք փոխեցին իրենց ընթացքը, իսկ հայերը հավատարիմ մնացին Թյուրքիային։ Բայց թե հավատարիմ և թե անհավատարիմ տարրերը նույն վերաբերումին արժանացան։

Անապահովությունը, մասնակի սպանությունները սովորական էին թե Մակեդոնիայում, ուր գործում էին հրոսախմբերը, թե Հայաստանում, ուր հայերը գնում էին նոր թյուրքերի հետ ձեռք ձեռքի։

Բեռլինի դաշնագրի 23-րդ հոդվածի չճանաչելը Թյուրքիային հասցրեց Բալկանյան օրհասական պատերազմին, որ սպառնում է նրա գոյությանը՝ եվրոպական ցամաքի վրա։ Հայերը շարունակում են մնալ օրինապահ, բայց նույնիսկ այսպիսի մի ծանր կացության մեջ Թյուրքիան քաջության չունի վճռականորեն փոխելու իր քաղաքականությունը։

Հայերի դեմ նա ունի քյուրդերի զինված և ավազակաբարո խուժանները երկրի ներսում և եվրոպական պետությանց անհամաձայնությունը երկրից դուրս։ Բայց քանի որ անհնարին է առաջուց կշռել քաղաքական