Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/175

Այս էջը հաստատված է

ապաստանը մնում է Անատոլիան և նրա հետ մեր երկիրը։

Թյուրքերն այդ շատ լավ են գիտակցում և ահա թե ինչու Բեռլինի դաշնագրության 61-րդ հոդվածը նրանց սոսկում է ազդում ոչ միայն իր ներկա բովանդակությամբ, այլ մանավանդ այն հնարավոր զարգացումով, որ կարող է ստանալ հայոց խնդիրը մեր բնավայրում։

Եվ թյուրքերն աշխատել ու աշխատում են, որ Անատոլիան դառնա Թյուրքիա, ոչ միայն իբր քաղաքական միություն, այլ մանավանդ իբր մի ցեղագրական ամբողջություն։ Նրանք ուզում են Թյուրքիան տեսնել միապաղաղ թյուրք ազգաբնակությամբ։

Սրանով և մեկնվում են մասսայական ջարդերն անցյալում և հայ տարրի կոտորվելուն հանդուրժելը ներկայում։

* * *

Մեզ մնում է պարզել այն դերը, որ խաղում է սահմանադրության պահպանումի մտահոգությունը Թյուրքիայի ներքին քաղաքականության մեջ հայերի վերաբերմամբ։

Բոլոր «լուսամիտ» թյուրքերն արդեն գիտեն, որ հին կարգերով մի Թյուրքիա անկարող է տոկալ եվրոպական գրոհի և միջազզգային բարդ ոստայնի մեջ։ Ուստի անհրաժեշտ է դառնում սահմանադրությունը, որ միակ դարմանն է հիվանդ Թյուրքիայի նախ ապաքինման, ապա՝ վերականգնումի։

Սահմանադրությունը, սակայն, իր զորավոր թշնամիներն ունի թե երկրի ներսը և թե դրսում։ Առանց խոսելու թյուրք հոծ խուժանների մասին, որոնք շարունակում են մնալ անկիրթ ու անհաղորդ եվրոպական լուսավորության և քաղաքացիական զարգացման, ուստի և հակառակ նոր կարգերին - թյուրք սահմանադրությունը հաճելի չէր Սերբիային, Բոլգարիային, Հունաստանին և Չերնոգորիային, որովհետև սահմանադրությամբ Թյուրքիան կարող էր վերականգնել իր վաղեմի առողջությունը և դառնալ մի վտանգավոր հարևան։ Վերանորոգված Թյուրքիան կարող էր հետամտել revanch–ի քաղաքականության և նկրտեր նորից ձեռք ձգելու այն երկիրները, որ կորցրել էր ժամանակի ընթացքում։

Արթնացող Թյուրքիան մի սպառնալիք էր նաև ուրիշ հարևան ու հեռավոր մեծ պետությանց համար։

Եվ ահա Բալկանի մանր տերությունները՝ ինքնապաշտպանության բնական մղումով տարված՝ միասնաբար որոշեցին մի զորեղ հարված հասցնել իրենց դարավոր ոսոխին, նկատելով նրա ապաքինման նշանները։ Նրանց ամեն հաղթանակը համակրանքի արձագանք է գտնում