Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/178

Այս էջը հաստատված է

Բալկանյան դաշնակցությունն է...

Հունաց առաջին նախարար Վենիզելոսը, որ այնքան դեր է խաղացել Բալկանյան դաշնակցությունը ստեղծելու գործում, հայտնում է պարզ ու մեկին, որ Բալկանի մանր տերությունները համաձայն են ընդունելու մեծ պետությունների առաջարկները, եթե նրանք ներկայացվեն դաշնակից տերությունների վեհաժողովին և եթե չհակասեն բալկանյան պատերազմի սրբազան նպատակներին։

Այս նշանակում է, որ մեծ պետությանց առաջարկները առնվազն պետք է ընդունեն եվրոպական Տաճկաստանի ինքնօրինությունը, եթե շատ նկատեն նրա անդամահատումը դաշնակից տերությանց միջև։ Բոլգարները պահանջում են, որ Թյուրքիան ձայն չունենա Մակեդոնիայի և հարակից շրջանների վիճակի կարգավորման գործում. սրանից հետևում է, որ նրանք ուզում են խնդրի լուծումը թողնել Բալկանի հաղթող մանր պետություններին և առ առավելն նաև մեծ տերություններին։ Նրանք ուզում են լինել նվաճողի դերում և վայելել նվաճողի իրավունքներ, այսինքն իրենց պայմանները թելադրել Թյուրքիային։

Բայց ամենից նշանակալիցը այն նշանաբանն է, որ արդեն հնչում է Բալկանի վրա. «Բալկանյան թերակղզին Բալկանի մանր պետություններին»։ Անհունապես մեծ է այս նշանաբանի արժեքը միջազգային հարաբերությունների համար, մանավանդ որ նա հնչում է 600 000 զինավառ կրծքերից և առնվազն տասն անգամ ավելի ազգաբնակության բերանից։

Եվրոպան զգում է այդ կոչի ամբողջ կարևորությունը և ամենից շահագրգռված պետությունները, Իտալիան և Ավստրիան՝ կամաց կամաց հակվում են ընդունելու նրա իրավական հիմունքները։

Բալկանի դաշնակցությունը ժամանակավոր չէ, ասում են մանր պետությունները, նրա բուն նպատակն է Բալկանյան թերակղզին պահել համերաշխած մանր տերություններին և այդպիսով պատվար կանգնել գերմանական խուժումի դեմ։ Եվ այս տրամադրությունը գնալով դառնալու է ավելի ցայտուն և տիրական՝ համերաշխ զենքի ամեն մի նոր հաղթանակի հետ։

Չեխ Կրամարժ մի տաս օր առաջ խորհուրդ էր տալիս Ավստրիային ձեռք քաշել Սանջակը գրավելու մտքից և առևտրա-քաղաքական դաշինք կապելով Սերբիայի հետ՝ ապահովել իր տնտեսական շահերի զարգացումը։ Բայց մի հինգ օր առաջ նույն Կրամարժը արդեն խոսում էր շատ ավելի ծանրակշիռ բառերով։ Ավստրիան չպիտի մոռանա, ասում էր նա, որ Բալկանի ազատագրական պատերազմը արձագանք է