Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/181

Այս էջը հաստատված է
Պատերազմի դաշտում

Մինչդեռ խաղաղության բանակցությունները շարունակվում են Չաթալջայի ռազմադաշտում և Նազըմ փաշան հյուրասիրում է բոլգար պատվիրակներին, եվրոպական Թյուրքիայի աստիճանական գրավումը շարունակվում է։

Երկու օր առաջ գրել էինք, որ կիսանկախ Սամոսն անշուշտ չի դանդաղի կամովին միանալու Հունաստանին. այսօրվա հեռագիրը հաստատում է մեր ենթադրությունը։ Կղզու ազգային ժողովը որոշել է կամովին միանալ Հունաստանին և հույն ազգային դրոշը ծածանում է նահանգապետի տան գլխին։

Միաժամանակ հույները շարունակում են առաջ տանել Քիոս մեծ կղզու նվաճումը, հալածելով թյուրք զորքերին, որոնք ստիպված կլինին անձնատուր լինելու, որովհետև նահանջի հնարավորություն չունին, իսկ հույն զորքերը գերակշռում են իրենց թվով։

Հույները հաջողություն են ունեցել նաև Ալբանիայում. նրանք գրավել են Կաստորիան, որ գտնվում է համանուն լճակի ափին՝ Վիստրիցա գետի վերին հոսանքից դեպի արևելք։

Թեև Չաթալջայի դիմաց դադարել է պատերազմի շռինդը, բայց թե թյուրքերը և թե բոլգարները պարապ չեն. նրանք նոր ու նոր օժանդակ զորքերով ստվարացնում են իրենց շարքերը։ Բոլգարները հավաքում են 1913 և 1914 թ. նորակոչ զինվորներին, որով անուղղակի հաստատվում է այն լուրը, թե բոլգար բանակը մեծ կորուստներ է ունեցել այս հաղթական պատերազմի ընթացքում։ Մասամբ դրանով պետք է մեկնել նաև բոլգար պատվիրակների համեմատաբար չափավոր տոնը՝ հաշտության բանակցությունները վարելու ժամանակ։

Անշուշտ նույն նպատակով հունական 17 նավ 12.000 բոլգար զինվոր են փոխադրում անհայտ է թե ուր։ Շատ հավանական է, որ այդ զորքը ափ դուրս գա կամ Դեդե-Աղաջում, ուր վերջերս թյուրքական երկու զորամաս կատաղի կռվից հետո անձնատուր են եղել բոլգարներին, և դիմեն դեպի Չաթալջա կամ Խերոս ծոցում՝ Գալիպոլի քաղաքի և Դարդանելի գրավմանը նպաստելու համար։

Սերբ բանակների գործունեության վայրերում ևս նկատվում են հաջողություններ։

Մենք գրել էինք, որ Մոնաստիրի գրավումից հետո սերբ զորքերը հավանորեն կշարժվեն դեպի Ադրիատիքի ափը, դեպի Դուրացցո։