Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/182

Այս էջը հաստատված է

Օխրիդայի գրավումը հաստատեց մեր ենթադրությունը, իսկ նոր հեռագիրները այլևս կասկած չեն թողնում այդ մասին։

Սերբերը գրավել են Էլբասանը, որ գտնվում է Օխրիդայից ուղիղ արևմուտք՝ Շկումբի գետի ափին, որ թափվում է Ադրիատիք ծովը։ Հեռագրի ասելով սերբերը գրավել են նաև Տիբանան և Դրաչը (Դուրացցոն), որ մեզ թվում է անհավանական. այդ հեռագիրն ավելի մատնանշում է զորքի ճանապարհը, քան թե հայտնում կատարված իրողություն։ Միաժամանակ ոչ մի կասկած չունենք, որ այդ երկու վայրերի գրավումը շուտով տեղի կունենա, քանի որ միայն Օխրիդան գրավող բանակը չէ, որ դիմում է այդ տենչավայրը։

Սերբ զորքի մի մասը, որ գրավեց Կրիչևոն՝ Արևմուտք անցնելով և Դիրբայի լեռնաշարից իջնելով Սև Դրինի հովիտը, գրավել է Դիբրա քաղաքը և հավանորեն նույնպես շարժվում է դեպի ծովափ, մանավանդ որ այդ շրջանի արնաուտները (Ալբանները) կամովին անձնատուր են լինում սերբերին։ Սերբերը լիովին ապահոված են իրենց թիկունքը. նախ որ Մոնաստիրի շրջանում թյուրք զորքերը ցաքուցրիվ են եղած և մանր խմբերով զինաթափ են լինում և երկրորդ, որ ալբանական բոլոր ցեղերը կամովին կամ ստիպված անձնատուր են լինում և երրորդ, որ Ադրիատիքի ծովափին թյուրքերը շատ քիչ զորք ունեն։

Կհիշեցնենք այստեղ նաև այն հանգամանքը, որ զորքերը դեպի Դուրացցո են դիմում նաև հյուսիսից և վաղուց է, որ տիրել են Ալեսսիո (Լեշա) քաղաքին։ Լեշայի և Դուրացցոյի միջև միայն երկու ամուր վայր կան, ուր սերբ զորքերը կարող են կռվի բռնվել թյուրքերի հետ, եթե նրանք առանց ընդհարումի անձնատուր չլինին. դրանք են Կրայա և Պերտրեիլա։

Դուրացցո և Վալոնա (Ավլոնիա) քաղաքներում ալբանացիք հռչակել են Ալբանիայի ինքնօրինությունը։ Եթե այդ հռչակումը նույնքան անարժեք է, որքան մի քանի ալբանացիների հուշագիրը, որ նույն իմաստով և երկու շաբաթ առաջ ներկայացրին մեծ պետությանց դեսպաններին Պոլսում, ապա սերբերի առաջ ոչ մի լուրջ դժվարություն չկա ալբանական ծովափը գրավելու՝ իր բոլոր նավահանգիստներով։ Իսկ եթե ինքնօրինություն հռչակողները միաժամանակ ունեն նաև որոշ զինական ուժ, որ մեր կարծիքով անհավանական է, քանի որ ալբան ցեղերի ահագին մեծամասնությունն արդեն նվաճված է, այն ժամանակ սերբերն իրենց դեմ կունենան ոչ միայն թյուրք զորքերը, այլև ալբան ազգաբնակության մեծ մասը։ Բայց նույնիսկ այս դեպքում ալբանական ծովափի գրավումը դժվար չի լինի սերբ հաղթական բանակների համար։ Իրենց գրաված վայրերից սերբերն արդեն կազմել են 11 վարչական