Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/195

Այս էջը հաստատված է
Անել կացություն

Հազիվ թե որևէ ժողովուրդ այսպիսի կացության մեջ դրված լինի, որքան այսօր թյուրքահայը։

Այն ժողովուրդը, որ տասնյոթ տարի առաջ տեսավ աշխարհասասան կոտորածներ, «սարսափներ», որ անլուր չափերի հասան, որ հարյուր հազարով գաղթեց օտար երկիրներ՝ տնազուրկ ու հողազուրկ, որի որբերը օտար դռներ մաշեցին և օտար ձեռքերի ապաստանեցին, այսօր ահով սպասում է սասանեցուցիչ անցյալի վերադարձին։

Ամեն օր ականատես է նոր բռնությունների, նոր անիրավության, նոր հարստահարության, ամեն օր տեսնում է զինված թյուրքեր, բայց մանավանդ քուրդեր, որոնք մի նշանի են սպասում նրան հոշոտելու և պատիվը պղծելու, ամեն օր նա լսում է սպառնալիքներ խուժանի բերանից և ստիպված է լռելու, ծպտուն չհանելու, իր գոյությունը ոչնչով հայտնի չդարձնելու...

Չկա մի ուժ հայաբնակ նահանգներում, որ կարողանա կասեցնել ավարիչ ձեռքը և ծախիչ սուրը. եղած բոլոր ուժերը ծարավի են նրա արյան ու ինչքին և ցանկացող նրա ոչնչացման։ Կա իշխանություն, բայց նա թե անզոր է, թե անբարյացակամ, կան եվրոպական պետության գործակալներ, բայց նրանք երբեք չեն կարող յուրովի մի վճռական քայլի ձեռնարկել, կան անձնվեր կտրիճներ, բայց նրանց թիվը շատ աննշան է ցրիվ ու ահաբեկ ժողովրդին ոգի ներշնչելու և պաշտպանելու համար։

Այդ բախտի հալածական ժողովուրդը մի քանի անգամ կենդանության նշաններ ցույց տվեց անցյալում, բայց Եվրոպան նրա բողոքին պատասխանեց անհամերաշխ լռությամբ, իսկ թյուրք կառավարությունը սուրի հարվածներով։ Եվ նրա մեջ արմատացավ անվստահությունը դեպի Եվրոպան և սարսափը կոտորածի հանդեպ։

Եվ այսօր, երբ որոտում են թնդանոթները թյուրք անիրավ կարգերի գլխին և ստրուկները զենք առած՝ հոծ խումբերով միանում են ազատարար բանակներին, թյուրքահայը անշարժ է ինչպես դիակ և չի համարձակվում իր բողոքը ազդուորեն հնչեցնել թյուրք կառավարության ականջին։

Նրա համեստ պահանջների դեմ պատրաստ են սիրալիր ձգձգումները, իսկ նրա բարձրաձայն բողոքի դեմ քուրդի և թյուրք խուժանի զինված բռունցքը՝ անբարյացակամ և ազգամոլ կառավարության հանցավոր չեզոքության հովանու, եթե ոչ մեղսակից պաշտպանության տակ։