Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/198

Այս էջը հաստատված է

ինչ քաղաքական ձև կստանա այս պահանջների իրագործումը՝ այդ մեզանից կախված չէ։ Մեզանից կախված է միմիայն մի բան, խնդրել այդ ամենը մեր արյունակից եղբայրների համար՝ նախ Ռուսաստանից, իբր ռուս քաղաքացի, ապա նրա թույլտվությամբ՝ Եվրոպայից, իբրև մի ազգ, որի կեսը տառապում է դարերով՝ անհնարին նեղությանց մեջ։

Հորիզոն, 1912, № 260
Բալկանյան պատերազմի մոտավոր
հետևանքները

Բալկանյան պատերազմը կվերջանա, եթե Թյուրքիան ընդունե այն պայմանները, որ առաջարկում են դաշնակից մանր տերությունները։ Ի՞նչ նոր վիճակ կստեղծվի Մերձավոր Արևելքում այն ժամանակ - ահա մի շատ կարևոր հարց, որ վերին աստիճանի շահագրգռական է թե Ռուսաստանի և թե հայերի համար։

Եթե դաշնագիրը կնքվի վերը հիշված պայմաններով, այն ժամանակ Թյուրքիան ասիական պետություն կդառնա։ Եվրոպական ցամաքից նրա ձեռքին կմնա մի փոքրիկ հողաբաժին Թրակյան թերակղզուց՝ Չաթալջայի ամրություններից դեպի արևելք՝ Պոլսի հետ միասին և Գալիպոլի թերակղզին, որ նշանակում է, թե թուրքերի իշխանության տակ կլինեն քաղաքական մեծ նշանակություն ունեցող երկու նեղուց՝ Բոսփորը և Դարդանելը։

Որքան էլ այդ երկու նեղուցները քաղաքական մեծ կարևորություն ունենան, բայց նրանք բավական չեն, որ Թյուրքիային տան այն խոշոր դիրքը միջազգային շահերի բախման մեջ, ինչ որ նա ուներ, երբ իր ձեռքին էր ամբողջ Եվրոպական Թյուրքիան։

Կորցնելով Մակեդոնիան և Ալբանիան, թյուրքը սահմանակից է դառնալու միմիայն Բոլգարիային արևմուտքից և Ռուսաստանին՝ հյուսիս-արևելքից։ Այս նշանակում է, որ այնուհետև Թյուրքիան իր դեմ ունենալու է սլավոն ցեղի երկու քաղաքական կազմակերպություն և գերման ցեղերի արշավի դեմ դեպի Թյուրքիա կանգնում է մի զորեղ թումբ՝ իր ծավալը գրեթե կրկնապատկած Բոլգարիան։

Ավստրիայի քաղաքական նշանակությունը Թյուրքիայի գործերում չափազանց պիտի նվազի և ընդհակառակն Բոլգարիայի ազդեցությունը գնալով կհզորանա։ Իսկ եթե Բալկանի դաշնակցությունը հարատևի,