Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/199

Այս էջը հաստատված է

այն ժամանակ Թյուրքիան կունենա մի հզոր հարևան, շատ ավելի մտահոգիչ, քան Սերբիան, Հունաստանը, Բոլգարիան և Չերնոգորիան առանձին առած։ Անհատապես նրանք աննշան էին, բայց միացած նրանք կարող են ապագայում ևս չափվել Թյուրքիայի հետ, ինչպես չափվեցին ներկայումս։

Թյուրքերի մի մասը կթողնի Մակեդոնիան և կանցնի Փոքր Ասիա՝ հավատակից պետության դրոշի տակ և դրանով կփոխի այդ թերակղզու ազգաբնակչության տոկոսական հարաբերությունը։ Այստեղ է, որ Թյուրքիան, եթե նա որևէ զարգացման ընդունակ է, կարող է կազմել մի ազգային պետություն։ Նրա աչքն այնուհետև պետք է նայի Իրանին, ուր ապրում են մահմեդական բազմությունները, որոնցից մի ստվար մասը և հատկապես նրանք, որ սահմանակից են Տաճկաստանին՝ թյուրքեր են։

Կասկածից դուրս է, որ հաղթահարված թրքությունը վերադարձի բնական մղումով տարված՝ ավելի ուժով պետք է փարի համիսլամության գաղափարին և աշխատի մի մեծ իսլամական պետություն ստեղծել Առաջավոր Ասիայում։

Թե որքան կհաջողեն թյուրքերն այս վաղեմի գաղափարը կյանքի մեջ իրականացնելու, այդ կախված է ստեղծագործական ուժերի այն քանակից, որ հանդես է բերում թյուրք ցեղը։ Այդ կարողությունը չնչին է համարվում սովորաբար, թեև պատմությունը և վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Թյուրքիան այն հիվանդը չէ, ինչ որ կրկնում են տասնյակ տարիներ շարունակ։ Չպետք է չափազանցել նրա ներկան, բայց չպետք է գերագնահատել նաև նրա թուլությունը։

Լինելով վերին աստիճանի հարուստ երկիր, նա կարող է շուտով կարգի բերել իր քայքայված դրությունը, եթե փոքր ինչ կանոնավոր վարչություն ստեղծել կարողանան նրա վարիչները, և նրա ուժեղացումը վտանգ կսպառնա միմիայն սլավոն ժողովուրդներին՝ Բուլգարիային արևմուտքից և Ռուսաստանին՝ հյուսիս-արևելքից։

Ռուսաստանի հարավային սահմանին կից ժամանակի ընթացքում կարող է կազմվել մի ոչ աննշան քաղաքական մարմին, որի հետ նա տևականորեն պետք է հաշիվներ կարգադրե։ Եվրոպական պետությունների ուրիշ խմբումների ժամանակ Թյուրքիան կարող է դառնալ մի սպառնալից առաջամարտիկ թշնամի պետությունների ձեռքին Ռուսաստանի դեմ։

Այդ սպառնալիքը շատ ավելի մեծ կդառնա, եթե Թյուրքիայի հետ դաշինք կապեն Ավստրիան և Գերմանիան ընդդեմ Ռուսաստանի։

Հորիզոն, 1913, № 5