Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/201

Այս էջը հաստատված է

մեր կյանքին ու մեր կրթական ցավերին. կարող է պատահել, որ այդ ծանր մղձավանջն ավելի ահավոր դառնա և գույն ու ձև տա նորից մեր գրականության, մեր իղձերին ու կամքին։

Ի՜նչ սև ու սպիտակ չի կարող բերել մեզ համար այս Նոր Տարին։

Հայոց հարցը թեև թրքահայության խնդիրն է, բայց ռուսահայերն այնքան ջանք ու աշխատանք են թափել նրա բարվոք լուծման ի նպաստ, այնքան զոհեր են տվել մարդկային և նյութական, այնպես ապրել են նրա ամեն մի ելևէջով, որ կարելի է ասել, թե մեր ներքին կյանքի ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ լուծվելու է այս տարի։

Չկա ռուսահայ կյանքում ոչ մի կարևոր խնդիր, որ իր արժեքով հավասար լինի հայոց հարցին, որի նշանակությունը համազգային է։ Եվ զարմանալի չէ, որ ամեն միտք այդ հարցի շուրջն է հածում, ամեն հույս դեպի այդ հարցն է թռչում և ամեն մասնակի մտահոգություն դառնում է ստորադաս այդ մեծ հարցի առթած մտահոգության։

Ծանր է գիտակցել, որ այդքան կենսական հարցի լուծման մեջ հայությունը կարևոր, բայց մանավանդ վճռական դեր չի կարող խաղալ։ Սակայն թեև փոքր, բայց և այնպես նա մի դեր ունի խաղալու այս հարցում։ Եվ Նոր Տարու շեմքին մենք մաղթում ենք, որ նա այդ դերը պատվով կատարե։

Իր կողմից օժանդակել հարցի վերարծարծումին և լուսաբանության և պահպանել ու պաշտպանել հայ տարրը հայկական բարձրավանդակում - ահա այդ դերը։

Այնուհետև ամեն բան մնում է եվրոպական դիվանագիտության և հակադիր շահերի մրցման ու նրանց հավասարազորը գտնելուն։ Այնտեղ մենք դեր չունենք։

Մեզ մնում է հիշել բանաստեղծի խոսքը և մաղթել, որ այդպես լինի.

Երնեկ թե այս Նոր Տարին

Ազատ շնչեր Հայաստան...

Հորիզոն, 1913, № 1
Թյուրքահայության պահանջը

Թյուրքահայության պահանջը ընդհանուր բառերով հետևյալ կերպարանքն ունի. կյանքի, գույքի և պատվի ապահովություն և կուլտուրական զարգացման հնարավորություն։ Անհատներն ու խմբակցությունները, պաշտոնական մարմիններն ու անպաշտոն շրջանակներ այս պահանջի իրականացման համար առաջարկել և առաջարկում են