Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/207

Այս էջը հաստատված է

որ հրապարակ է հանում ամեն անգամ, երբ տեսնում է ռամկավար մտքի նորանոր գրավումները։ Դրանով էլ պիտի բացատրել նրանց չարակամությունը հանդեպ հարևան ազգերի հաջողության. փոխանակ ուրախանալու, փոխանակ օտար կյանքի մեջ կատարվող լավ երևույթները ոգևորության աղբյուր դարձնելու, առիթից օգտվելու իր ժողովրդի պակասավոր կողմերը խարազանելու, ներշնչելու բարձր ձգտումներով, շովեն միտքը, ընդհակառակը, չեղած տեղը կրքեր է ստեղծում և մինչև իսկ թշնամանք սերմանում երկու հարևան ցեղերի մեջ։

Շովեն միտքը աններելի չարակամության, նույնիսկ հանցագործության է հասնում, երբ խնդիրը վերաբերում է մի հարևանի, որը քաղաքականապես միևնույն ճակատագրին է ենթակա և որի հետ դարերից ի վեր շփումների մեջ է գտնվել ու կապված եղել շահերով։ Վրաց շովինիստը պատմականորեն չէ կարողանում հանդուրժել հային, և ոչ էլ նրա կյանքի մեջ կատարվող փոփոխություններին. նա միշտ առիթներ է փնտրել հարձակվելու հայի վրա և ցուցադրելու իր ժողովրդի առաջ հայի պակասավոր կողմերը։ Ներկայումս էլ վրաց շովեն միտքը նյութ է դարձրել թյուրքահայերի տառապանքները և անհանգստանում է նույնիսկ, երբ լսում է «հայկական ավտոնոմիայի» մասին։

Սակայն թողնենք մի կողմ վրաց շովինիստների հին երգը, որովհետև նա այլևս ուժ ու արժեք չունի, քանի որ նրա կողքից արդեն հնչում է համարձակ նույն ժողովրդի ռամկավար միտքը։ Այսուհետև այդ մտքին է վերապահվում ինչպես վրաց ժողովրդի ներքին խնդիրների վերագնահատման գործը, նմանապես և այն մոլար, թյուր ու թշնամական վերաբերմունքը, որ նա գծել է հայի նկատմամբ։

Մենք ողջունում ենք վրաց դեմոկրատ մտքի առաջխաղացումը, հանձին «Չվենի Դրոեբա» թերթի, որ գալիս է մերձեցման նոր երաշխիքներ որոնելու ճակատագրորեն կապված հայի ու վրացու մեջ։

Հորիզոն, 1913, № 39


Առույգ ժողովուրդ

Հազիվ թե մեկը պնդել կարողանա, թե մեր հայությունը առույգ ժողովուրդ է։ Գյուղում, թե քաղաքում հայը մտախոհ է, տխուր, դանդաղ։ Ուրախություն չկա ոչ վարի և ոչ վերի խավերում։ Թմրած է հասակավորը, թմրած է դեռատին, կինը նույնքան ինքնամփոփ, որքան տղամարդը։