Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/208

Այս էջը հաստատված է

Պատմական դառն անցյալը մեկը մյուսից ծանր լուծեր դնելով մեր ուսին, ավերելով հայության շենն ու անդաստանը՝ ցամաքեցրել է կարծես և մեր ուրախության աղբյուրը և թողել մի ժողովուրդ՝ տրտում ու մռայլ։ Անկախության պակասին ավելացել է չքավորությունն ու աղքատությունը, որոնք կլանել են հայության ժամանակը և զրկել նրան առույգ և ուրախ կյանքով ապրելու հնարավորությունից։

Բայց ի՞նչպես կարելի է կյանքում տոկալ բազմադիմի վտանգների, առանց անհրաժեշտ առույգ տրամադրության։ Մի՞թե հիրավի ծերացել է մեր ժողովուրդը։ Մի՞թե դարավոր անապահովությունը ընկճել է նրա հոգին և դարձել մի բազմություն, որ քաշ է գալիս և ոչ թե ապրում։ Մի՞թե ամեն հանցանք կարելի է տխուր ու դաժան անցյալի վզին փաթաթել։

Այսօր, ինչպես և միշտ, հայությունը, իբրև մի փոքրաթիվ ժողովուրդ, ստիպված է ապրելու բազմատեսակ պայմանների մեջ, բազմալեզու հարևանների կողքին, բազմաթիվ խոչընդոտների դիմաց։ Իր գոյությունը իբրև ազգ պահպանելու համար՝ նա պիտի կազմված լինի կորովի և առույգ անդամներից, որ կարողանա ազգերի գրոհի և մրցության մեջ ոտնատակ չլինելու։ Դիմադրության ոգին պիտի արթնանա մեր ժողովրդի մեջ, որ մինչև այժմ հանդես է բերել համակերպության և դիմացկունության ոգի։ Նա կարողանում է տոկալ, բայց ոչ մաքառել։ Տոկացողը կարող է գուցե՝ և այն շատ մեծ դժվարությամբ՝ պահպանել ունեցածը, բայց նոր արժեքներ ստեղծել, նոր իրավունքներ ձեռք բերել, մրցության մեջ մտնել՝ նա չի կարող։

Կարելի է մտածել, թե տոկացողը պայքարող և թմրածը առույգ կարող է դառնալ այն ժամանակ միայն, երբ կան նպաստավոր պայմանները, եթե ոչ մենք ինքներս։ Մենք չենք հերքում, որ քաղաքական և ընկերական պայքարները փոխվելով՝ փոխվում է և այդ պայմանների մեջ ապրող ժողովրդի բնավորությունը բայց այդ պայմանները մոգական գավազանի ուժով չեն փոխվում և որքան մի ժողովուրդ անտարբեր լինի դեպի իր վիճակը, իր գոյության հիմնական խնդիրները և նպաստավոր պայմանները, այնքան այդ վիճակն ու պայմանները կմնան անփոփոխ։

Առնենք միայն մի օրինակ, մեր ժողովրդի ֆիզիկական կրթությունը։ Չենք սխալվի, եթե ասենք, որ հայերը զարմանալի հանգստասեր ժողովուրդ են։ Խաղը բաց օդում, ձիարշավը, մարմնամարզությունը, լողը, ամառային շրջագայությունները և ամեն կարգի սպորտ անծանոթ են հայերին։ Դեռ կա ավելին. հայն այդ ամենը համարում է անմիտ բան, «երեխայություն», զուր ժամանց, օտարին հատուկ մի ունակություն։