Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/209

Այս էջը հաստատված է

Դպրոցներում երեխաները սովորում են ամեն տեսակ գիտելիքներ, որոնց կեսը անպետք է կյանքում և այնտեղ թողնում են իրենց առողջությունը։ Իդեալական աշակերտ է համարվում լուռ ու խոնարհ երեխան, որ գլուխը կախ գրում է իր դասը և ուշադիր լսում դասատուին։ Աշխուժի և ֆիզիկական կրթության մասին ոչ մի խոսք։

Դեռատի սերունդը սիրում է անվերջ զրույցներ. նստած փոքրիկ սենյակներում՝ նրանք կարդում են մեծ-մեծ գրքեր, գլուխ հոգնեցնում իմաստասիրական խրթին հարցերի վրա, որոնց հասնելու համար մի ամբողջ կյանք պետք է ապրած լինել - մինչդեռ անցնում է թանկագին ժամանակը և պատրաստում նրանցից մի անավյուն ու դալուկ հասարակություն։

Հասակավորները ամբողջ օրերով ապրում են խանութներում ու գրասենյակներուն և ցերեկվա պակասը լրացնում են ժողովարանում, թղթախաղի սեղանի մոտ կամ տանը բազմոցի վրա։ Կյանքն անցրած մարդկանց մասին խոսելն անգամ ավելորդ է. նրանք ապրում են մի անշարժ ու դանդաղասահ կյանք, մինչ մահը սրբե ամենքին այս աշխարհի երեսից։

Եվ ձանձրույթն ու հոգնությունը թագավորում են ամեն տեղ՝ դպրոցում, տանը, ժողովներում, հավաքույթներում։ Անցնում են օրերը միապաղաղ, անհրապույր ու գորշ, միջահատված մանր ընդհարումներով, բամբասանքով, անարգ կռիվներով, թշնամությամբ ու քենով և դարձնում մթնոլորտը խեղդիչ, անհանդուրժելի։ Այդտեղ խինդը չի վարակում, այլ երբեմն շողում է մի վայրկյան. հազիվ մի ժպիտ ու զսպված ծիծաղ՝ և ամեն ինչ թաղվում է համածավալ թմրության մեջ։

Մենք կարծում ենք, որ գոյություն ունեցող պայմաններուն հնարավոր էր այս համատարած և ազգային ցավին մի դարման տանել։ Կազմել մարմնամարզական մի ընդհանուր միություն և նրա ցանցով բռնել բոլոր հայաբնակ վայրերը, կազմակերպել տեղական և ընդհանուր մրցություններ, խաղեր, զբոսանքներ։ Այս ամենը մի թարմություն, մի նոր հոսանք կմտցներ երիտասարդության կյանքում։ Ժամանակով նա կփոխեր մեր ապրելակերպը, մեր տրամադրությունը և կստեղծեր մի առույգ հասարակություն և ժողովուրդ։

Մենք չենք կարող բավականաչափ զորեղ բառեր գտնել ֆիզիկական կրթության և մարզանքների նշանակությունը ներբողելու մի ազգի համար։ Թյուրքահայերի մեջ այդ ուղղությամբ սկսված է մի շարժում, որ իր հատուկ թերթն ունի և իր միությունները շատ տեղերում։ Մենք դիտմամբ օրինակը առնում ենք հայության կյանքից, որ չկարծեն, թե մեր առաջարկը վեր է մեր ժողովրդի ուժերից։ Եթե Թյուրքիայի անիրավ պայմաններում