Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/215

Այս էջը հաստատված է

հարցին։ Ստատս-սեկրետարի հայտարարությունը, որ արժանացել է հավանության, այնուհետև և դարձել է քննության առարկա։ Խոսք առնող պատգամավորներից ոմանք, դժբախտաբար անհայտ է, թե որ կուսակցության են պատկանում նրանք, շոշափել են և հայոց հարցը։ Հեռագիրն ասում է. «Հետագա ճառախոսները շոշափեցին նաև Հայաստանի հարցը և ցավակցություն հայտնեցին հայերին հասած ճնշումների համար, գտնելով սակայն, որ վայրկյանը նպաստավոր չէ հայոց հարցը հարուցանելու համար, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը հնարավորություն կստանա գրավելու Հայաստանը»։

Մի կողմ թողնելով պաշտոնական ցավակցությունը, որ ամենևին պետք չէ թյուրքահայերին, քանի որ նրանով չի վերանում և ոչ մի հարստահարություն, հետաքրքրական է, որ գերման պատգամավորներն եռյակ համաձայնության պատկանող պետությունների նման ժամանակն աննպաստ են համարում հայոց հարցի լուծման համար, այն զանազանությամբ սակայն, որ մինչդեռ սրանց պաշտոնական ներկայացուցիչները հուսադրում են հայերին, թե պատերազմի վախճանից հետո քննության պետք է առնվի հայոց արյունոտ հարցը, Գերմանիան չի թողնում և ոչ մի հուսատեղ։

Այս հայտարարությունն իրոք արվում է միաժամանակ թե Թյուրքիայի և թե եռյակ համաձայնության։ Սրանով որոշվում է Գերմանիայի վերաբերումը դեպի Թյուրքիայի ապագան և դեպի հայոց հարցը։ Հայտարարությունը Թյուրքիային ասում է, որ Գերմանիան դեմ կլինի ասիական նահանգների ամբողջության խախտումին, իսկ եռյակ համաձայնությանը հայտնում է, որ ամեն ծրագիր այդ նահանգների հետագա վիճակի մասին պետք է կազմվի և իրագործվի Գերմանիայի մասնակցությամբ։ Սա պարզապես պաշտոնական կրկնությունն է այն անպաշտոն հայտարարությունների, թե Գերմանիան իր բաժինը կպահանջե Թյուրքիայի բաժանման դեպքում՝ լինի դա անդամատություն, թե ազդեցության շրջանակների որոշում։

Այսպիսով, հայոց հարցի այս կամ այն լուծումը կախված է այն բանից, թե ի՞նչ հասկացողության կգան եռյակ համաձայնությունը և Գերմանիան Թյուրքիայի ասիական կալվածների վերաբերմամբ։ Առայժմ Գերմանիան շահում է Թյուրքիայի բարեկամությունը, որին նա դյուրությամբ կդավաճանե, եթե համապատասխան փոխարինություն ստանա։

Համենայն դեպս անկասկած է, որ ստատս-սեկրետարի այս հայտարարությամբ հայոց հարցի լուծումը դժվարանում է։

Հորիզոն, 1913, № 73