Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/217

Այս էջը հաստատված է

նպատակին և այսպիսով համայն քրդությունը ենթարկվել է բաժանման՝ հարավի քրդություն և հյուսիսի քրդություն։ Հյուսիսում անգլիացիք դժվարությամբ կարող են հաջողություն ունենալ, որովհետև այնտեղի քուրդերը մերձավոր կապեր ունեն ռուսաբնակ ցեղակիցների հետ և շատ լավ են տեսնում Թյուրքիայում և Ռուսաստանում ապրող քուրդերի կացության խոշոր տարբերությունը։

Այսպիսով քրդությունը բաժանված է երեք խմբակցության ինքն իր մեջ և երկու շրջանների՝ արտաքին ազդեցությունների շնորհիվ։ Քրդական այս ծովի մեջ ապրում են հայերը և բոլոր ցեղամիջյան ընդհարումները կատարվում են, բայց մանավանդ թե պիտի կատարվեն հայաբնակ շրջաններուն։ Քուրդերի ամեն մի խմբակցություն բանակցում է հայերի հետ, որ օգնեն իրենց՝ ցեղամիջյան կռիվների ժամանակ, և հայերն այդպիսով ընկնում են մի ծանր դրության մեջ։ Քուրդը, իբրև ցեղային կազմով ապրող մի ժողովուրդ, չունի ազգության գաղափարն ու զգացումը, մինչդեռ հայերը շատ վաղուց է արդեն, որ ազգ են և ունեն ազգային զորեղ զգացում։ Մինչդեռ քուրդի աչքում ամեն մի քուրդ այս կամ այն ցեղի անդամն է ներկայանում, հայի աչքում ամեն հայ ոչ թե ցեղային, այլ ազգային միության անդամ է։

Տեսակետների այս տարբերությունը, որ արդյունք է քաղաքակրթական տարբեր աստիճանների վրա գտնվելուն՝ մի անհասկացողություն է մտցնում հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ։

Քուրդի համար բնական է իր շրջանի հային առաջարկել միանալ իր հետ և կռվի դուրս գալ մյուս քրդական ցեղային խմբակցության դեմ, որ նույնպես իր հերթին առաջարկում է, անշուշտ իր շրջանի հայերին, միանալ իր հետ՝ առաջին խմբակցության քուրդերի դեմ կռվելու համար։ Բայց հայի աչքում դա նշանակում է ազգի անդամներին հանել իրար դեմ և վնասել հայության։ Հայկական բարձրավանդակի վրա գոյություն ունի «հայություն» գաղափարը, որ մի կենդանի ըմբռնում է և թելադրում է համապատասխան մտքեր, զգացումներ ու վարմունքներ, մինչդեռ նույն վայրերում «քրդություն» գաղափարը գոյություն չունի. կա միայն «ցեղ, աշիրեթ» գաղափարը, որ նույնպես մի շատ կենդանի ըմբռնում է և ղեկավարում է քրդական կյանքի բոլոր կողմերը։

Մյուս կողմից քրդական ցեղերի դեմ կանգնած է թյուրք կառավարությունը, որին ամենևին հաճելի չեն քրդական շարժումները, նախ՝ որ դրանով մեծապես կարող է վտանգվել հայաբնակ նահանգների խաղաղությունը և տեղիք տալ ռուսական միջամտության և երկրորդ՝ որ քուրդ