Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/218

Այս էջը հաստատված է

ցեղերը ըմբոստ տարր են ներկայանում պետության համար, վռնդում են նրա պաշտոնյաներին, հրաժարվում են հարկ վճարել, չեն ճանաչում թյուրք կառավարության հեղինակությունը և այլն։

Թյուրք կառավարության դեմ այսպիսով երկու տարր կա հայկական բարձրավանդակի վրա. մի կողմից հայերը, մյուս կողմից քուրդերը, երկուսի դեմ էլ պետք է գործե կառավարությունը՝ թյուրք տարրի գերիշխանությունն ապահովելու համար։ Մի ժամանակ նա քրդական վտանգից ազատվեց՝ նրանց ավարատենչ բնազդներն ուղղելով դեպի հայերը և հովանավորելով ու զինելով նրանց՝ ռուսների դեմ պատվար կանգնելու համար։

Այսօր կացությունը շատ ավելի բարդ է և դժվարին. քուրդերն արդեն հակված են դեպի ռուսները, բայց առաջվա նման զինված են կառավարական և մասնավոր զենքերով. ուժը կա, բայց համակիր չէ թյուրք կառավարության։ Մյուս կողմից լուրջ միջամտությունից խուսափելու մտահոգությունը ստիպում է թյուրք կառավարության հայերին հալածել ավելի «սահմանադրական» ճանապարհներով, նա չի կարող ավար ու կողոպուտ հրամցնել քուրդերին հայերի հաշվին, այսինքն զրկված է նրանց կաշառելու հնարավորությունից։

Այս նեղ դրության մեջ անհնարին չէ, որ թյուրք կառավարությունը հայերի օժանդակության դիմե քուրդերին զսպելու համար, այսինքն արժամապես փոխե իր վերաբերումը դեպի հայերը՝ քուրդերին ընկճելու համար, ինչպես մի ժամանակ դաշնակից և հովանավոր դարձավ քուրդերին՝ հայերին ոչնչացնելու համար։ Բայց այստեղ կա մի ուրիշ դժվարություն, կառավարության վաղեմի անվստահությունը դեպի հայերը։ Նրան հայտնի է անշուշտ այն հույսը, որ տածում են հայերը դեպի ռուսական հովանավորությունն ու օգնությունը. մյուս կողմից ո՞վ կարող է երաշխավորել, որ հայերը զենք ստանալով քուրդերի դեմ գործելու՝ վատագույն դեպքում չեն միանա քուրդերի հետ և միասին չեն պահանջի հայ-քուրդական ինքնօրինություն, դիմելով ռուսաց հովանավորության, իսկ լավագույն դեպքում՝ կառավարութանը օգնելուց հետո՝ զենքը չեն պահի իրենց ձեռքին և նույն դիրքը չեն բռնի կառավարության հանդեպ, ինչ որ բռնում են քրդական ցեղերն այսօր։

Հորիզոն, 1913, № 118