Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/219

Այս էջը հաստատված է
Քաղաքական հնարավորություններ

I

«Հորիզոնի» վերջին առաջնորդողները թյուրքահայոց ինքնօրինության (ավտոնոմիայի) հնարավորության մասին առիթ են տալիս մի քանի քաղաքական կշռադատումներ անելու, որ կարծում ենք հետաքրքրական կլինեն ընթերցողի համար։

Վաղուց հայտնի է ամենքին, որ Թյուրքիայի բաժանման խնդիր կա. վեց մեծ պետությունները չէին կարողանում բավարար բաշխումով լուծել այդ խնդիրը, որովհետև հակամարտ էին իրար թե զատ-զատ և թե իրենց խմբակցություններով՝ Համաձայնությամբ և Զինակցությամբ։ Մեծ պատերազմը շրջեց այդ խմբերի կերպարանքը. Համաձայնությունը դարձավ Զինակցություն, իսկ Զինակցությունը պառակտվեց։ Փոխվելու վրա է և նրանց փոխհարաբերությունը. հին Զինակցությունը գնալով թուլանում է, նորն՝ ընդհակառակը տեր է դառնում դրության։ Եռյակ Համաձայնության դեմ չքանում է համազոր մրցորդը՝ Զինակցությունը, բայց դրանով չի վերանում հակամարտությունը համաձայնող երեքի միջև։ Մասնավորապես Թյուրքիայի բաժանման խնդրում ընդհարվելու են նրանց շահերը, որովհետև միմիայն այդ երկրի վրա նրանք կարող են սահմանակից դառնալ կամ իրար մոտենալ։

Այսօրվան բարեկամը վաղը կարող է դառնալ թշնամի և հակառակը. մեզ օրինակ Իտալիան և Գերմանիան մի կողմից, Ռուսաստանն ու Յապոնիան՝ մյուս։ Այս հանգամանքն անշուշտ նկատի կունենան Համաձայնության անդամները և կաշխատեն լավապես ապահովել իրանց բաժին ընկած նոր կալվածները իրանցից որևէ մեկի հետագա գրավման վտանգից։

Արդ՝ թյուրքի բաժանման դեպքում Անգլիան կարող է ստանալ Միջագետքը. Քուվեյթից վար՝ դեպի հարավ արդեն իր ազդեցության տակ էր. պատերազմից հետո կտիրապետե եղածին և կընդարձակե իր կալվածը ավելի հյուսիս՝ Պարսկաստանի սահմաններից մինչև Մեռյալ ծովի հարավը՝ մինչև Միջերկրյան, որով Արաբիան ևս նրա ազդեցության տակ կմնա՝ եթե որոշել է ոչ թե գրավել այդ թերակղզին, այլ թողնել արաբ ազդեցիկ ցեղերին՝ բայց իր հովանավորության տակ։ Միաժամանակ վերջնականապես տեր կդառնա և Եգիպտոսին՝ ուրեմն Սուեզի ջրանցքի երկու ափերին։

Ֆրանսիային բաժին կընկնի Սիրիան և Պաղեստինը, գուցե նաև Միջագետքի