խոսք կարող է լինել թյուրք ու վրացի վարիչ շրջանակների վերաբերման մասին դեպի հայությունը՝ ակամա գալիս ենք այն եզրակացության, թե վրաց ռամկավարության վարիչների և թյուրք հողատեր-դրամատերերի դաշնակցությունը արտահայտություն է մի որոշ քաղաքական հեռանկարի, որ ունեն Կովկասի վերաբերմամբ թյուրք վարիչ դասերն ու վրաց ռամկավարները։
Այն հանգամանքը, որ ընկերվարական լինելն անգամ ոչ միայն անզոր եղավ վրաց ռամկավարներին թյուրք վարիչ դասերի դեմ հանելու, այլ և տարավ նրանց դեպի սրտագին դաշնակցություն՝ մեզ բերում է այն մտքին, թե վրաց ռամկավար վարիչների գործունեության մեջ քաղաքական մղումներն ավելի մեծ դեր ունեն, քան ընկերվարական-դասակարգային պայքարի շահերը։ Ու երբ կյանքի բերումով նրանք կանգնում են երկընտրանքի դիմաց - դասակարգային պայքա՞ր թե ազգային քաղաքական շահ - նրանք առաջինը զոհում են երկրորդին։ Այդ էր պատճառը, որ ստացվեց այսպիսի մի արտառոց պատկեր. Ջաֆարով և ընկ. ավելի մոտ նկատվեցին Ռուսաստանի հեղափոխության և ընկերվարության դատին, քան Հ. Հ. Դաշնակցությունը... Անհնարին էր երևակայել այդպիսի մի երևույթ, եթե վրաց ռամկավարության վարիչներին մտահոգեր հեղափոխության և Կովկասի աշխատավորության շահն ավելի, քան իրենց քաղաքական հեռանկարը։ Վրաց ռամկավարությունը պետք է առաջնորդվեր թյուրք ու հայ աշխատավորության հետ ձեռք ձեռքի՝ ընդդեմ մեր երկրի տիրող ու հետադեմ դասերի։ Միմիայն գերիշխանության տենչը և քաղաքական հեռանկարը կարող էին վրացի ռամկավար վարիչներին մղել դեպի թյուրք հողատեր դասը։ Զորեղ պայքարում, որ հանդես եկավ գյուղացիական համագումարում, վրաց դեմոկրատիայի վարիչները ծանրացան ազգային-քաղաքական վայրկյանի վրա և դրանով շատ շատերի աչքերը բացին Կովկասի իրադարձությունների վրա ...
Պետրոգրադի դրությունը խառնակ է, գործերի և մտքերի շփոթը սպառնում է գերազանցել ամեն ամուր կամք և պայծառ նախատեսություն։ Չափավոր խավերը ներկայացնող մինիստրները, որ առանց այն էլ դժվար էին գործակցում ընկերվար պաշտոնակիցներին, Ուկրաինայի