Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/228

Այս էջը հաստատված է

ինքնավարությունը պատրվակ առած՝ հրաժարվել են պաշտոնից, ստեղծելով կառավարական տագնապ։

Միաժամանակ անհանգիստ զորքեր ու բազմություններ դուրս են եկել հրապարակ, զինված ցույց արել, որի հետևանքով կան սպանվսւծներ և վիրավորներ։ Նրանք պահանջ են դրել, որ Զինվ. և Բանվ. Պատգ. խորհուրդն իր ձեռքն առնի երկրի բովանդակ իշխանությունը։ Սասանել է ժամանակավոր կառավարության հեղինակությունը և հսկայական ճիգ է պետք սանձահարելու կրքերի պոռթկումը և կյանքն իր հունով առաջ վարելու համար։

Այս վայրկյանին, երբ համառ ու հզոր թշնամին սպառնում է երկրի ազատության, երբ հետադեմ տարրերը սպասում են դարանամուտ, երբ ավարատենչ ախորժակները խլրտում են հանցավոր խավերի մեջ - առանձնապես սպառնալից արժեք են ստանում Պետրոգրադի խառնակությունները, որ կարող են արձագանքել մեր պետության ամենահեռավոր անկյուններում։

Այդ ցույցերի մեջ միացած են գերմանական գաղտնի գործակալը իր արբանյակներով, հին կարգի կողմնակիցներն ու նոր կարգից հիասթափվածները, շփոթից անձնական և անցողիկ շահ ակնկալողները և զանազան զառանցողներ ու նյարդասպառ մարդիկ, որ մեծ թվով հանդես են գալիս հեղաշրջումների ժամանակ, իբրև գաղափարախոս շփոթի և անիշխանության։

Հեղափոխությւսն առաջին օրերից անհնարին եղավ ստեղծել մի զորեղ և պատկառելի կառավարության, որ կարողանար պատուհասել, ուր պետք է, և չվարաներ անողոք լինել ի պահանջել հարկին։ Թե առաջին և թե երկրորդ կառավարությունը որդեգրեցին մի անսովոր վարչաձև. Ռուսաստանի պես մի լայնածավալ, բազմատարր և պատերազմող պետություն մտածեցին կառավարել հորդորով ու քարոզով։ Բայց ամեն պարկեշտ հորդորող միշտ բավական թվով ստահակ լսող կամենա, որոնց միմիայն ուժը կարող է սանձել. իսկ այդ ուժը չէր գործադրվում ոչ դուրսը՝ թշնամու դեմ, որի թնդանոթին եղբայրական խոսք էին ուղղում, և ոչ ներսը՝ խառնակիչների դեմ, որոնց ուզում էին համոզելով կարգի հրավիրել։ Արդյունքն եղավ այն, ինչ որ տեսնում ենք։

Ժողովրդի ամենատարրական և ստորարժեք ապրումները արած հենարան, հեռու միջազգային կացության լուրջ ըմբռնումից, պետության ապագայի հանդեպ անտարբեր, շոյելով դասալիքի վախկոտությունը և ժողովրդի հոգնածությանը, վառելով ստորին խավերի ավարատենչ ախորժակները - դուրս եկան ազատությանն անարժան տարրեր, որ վարակեցին