Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/229

Այս էջը հաստատված է

բովանդակ երկրի ամեն անկյուն իրենց տմարդի քարոզներով, զորքի մի ստվար մասը դարձրին անպետք որևէ հանրօգուտ գործունեության և դրանով ջլատեցին կառավարության ուժը արտաքին և ներքին թշնամու դեմ։

Երերում է պետության բովանդակ կյանքը այդ անիշխան և հանցավոր տարրերի ձեռքին և սպառնում է երկրի մոտիկ ապագան թաղել ազգամիջյան և քաղաքացիական ընդհարումների շեղջակույտի տակ։ Այս խառնակությունները եթե չսանձվեն համառ ու հզոր բազուկով՝ սպառնում են մեր բոլոր ճակատների հաջողության, դրա հետ միասին և մեր պետության միջազգային դիրքին և առանց կարողանալու ազատել մեզ պատերազմից՝ տանում են դեպի նոր և ահավոր ընդհարումներ։

Այսօրվան ռազմատյացը, որ հնչուն բառերով քողարկում է իր դասալիքությունն ու տմարդությունը, հասարակության տականքը, որ իր ավարատենչ բնազդներին ելք է որոնում հանուր շփոթի մեջ, հին կարգի սպասարկուն, որ հույս ունի պղտոր ջրի մեջ միապետության կորած ձուկը որսալու, բոլորը ստիպված կլինին կամ նոր ճակատներ դիմելու կռվի կամ կընկնեն գնդակահար ավելի առողջ և հայրենասեր անձանց գնդակից։ Հրձիգներն իրենք ամենից առաջ կայրվեն իրենց հրդեհած շենքի մեջ, ապա թե մոխիրների վրա կիշխե մի նոր ուժ - դիկտատուրան։ Կարճամիտներն արժանի չեն ուրիշ վիճակի։

Բայց քանի դեռ ուժ և իշխանություն կա Ռուսաստանի առողջ ռամկավարության ձեռքին, պետք է եռանդի արտակարգ լարումով դիմագրավել անիշխանության ահազդեցիկ վտանգին, որ անգծելի չափեր կառնի ճակատների թուլացման հետևանքով և արյունի մեջ կխեդդի մանավանդ մեր Կովկասը, ուր հեղափոխության ճշմարիտ բարեկամներն այնքան քիչ են և թշնամիներն այնքան հզոր...

Հորիզոն, 1917, № 141
Ռամկավարություն և իշխանություն

Եթե ռուս ռամկավարությունն իր գերիշխանության օրերից ձեռք չէր առնում խիստ միջոցներ այն բոլոր քայքայիչ քայլերի դեմ, որոնց դառն պտուղներն եղան Պետրոգրադի զինված ցույցերը և ճակատի թուլացումը - դրա պատճառներից մեկն էլ այն հոռի կարծիքն էր, թե իշխանության խստությունն ու ռամկավարությունը անհարիր գաղափարներ են։