Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/233

Այս էջը հաստատված է

կարող է վստահորեն սանձահարել ամեն անիշխանություն։ Այդ տեսակ զորքի և կառավարության շուրջը կբոլորեն ռամկավարության և երկրի բոլոր առողջ և հայրենասեր տարրերը, որոնք պետք է ավելի աջակից լինին, քան վարիչ, խորհրդատու ավելի, քան ղեկավար։ Առժամապես պետք է թողնել կառավարությանը, որին վստահում ենք, տեսնե իր գործը, վերագրավե ապստամբ Ռուսաստանն ու զորքը և բերե հնազանդության՝ ռամկավար կարգերին։ Վտանգն սպառնում է երկրին և հեղափոխության. անհրաժեշտ է անձնվիրություն ու զոհ։ Ռազմիկը զոհում է իր կյանքը. ժողովուրդն իր զավակներին և բարեկեցությունը. դասակարգերը, կուսակցությունները ու նրանց վարիչները պետք է զոհեն իրենց ինքնասիրությունն ու սնափառությունը, որ կուրացնում է հաճախ և կորցնել տալիս հազիվ շահածը։

Աշխարհին և մեզ անհրաժեշտ է ռամկավար և հզոր Ռուսաստան։ Ունինք ժամանակավոր կառավարություն, բայց նրանը չէ Ռուսաստանը. այդ երկիրը պետք է վերագրավել ներքուստ՝ արտաքուստ պաշտպանել և վերագրավել կարենալու համար։ Այդ հնարավոր է առողջ ու կարգապահ զորքի միջոցով և լիազոր կառավարության։ Ժամանակավոր կառավարությունը, որ ռամկավարության զավակն է, պետք է վայելե անվերապահ վստահություն ոչ շրթունքով, այլ գործով, որ կարենա իշխել ու բռնադատել։ Անհրաժեշտ է զորեղ Ռուսաստան մանավանդ Կովկասին, որի ափերը լիզում են խավարին և ոճրամետ հորձանքներ։

Հորիզոն, 1917, № 151


Իշխանության տրագիզմը

Պետրոգրադի դեմոկրատիկ խորհրդակցության դրական արդյունքները հետզհետե սկսում են արտահայտվել. կազմակերպվում է նախապառլամենտը, որ փաստորեն պառլամենտի դեր է կատարում, և արդեն կազմված է կառավարությունը՝ կոալիցիոն սկզբունքով։ Կառավարության մեջ մտել են դեմոկրատիայի և առևտրաարդյունաբերական դասակարգի ներկայացուցիչները։ Մինիստրների անունների ցանկից երևում է, որ նոր կառավարությունն ուզում է լինել գործի, շինարար աշխատանքի կառավարություն։ Այդ բովանդակությունն էլ տրված է մինիստրության առաջին դեկլարացիային։

Այդ դեկլարացիայի մեջ նոր կառավարությունն առանձնապես երկար կանգ է առնում այն անիշխանության և քայքայման պրոցեսի վրա,