Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/238

Այս էջը հաստատված է

Խորհրդարանը հրահանգում է կառավարության այս հիմքերի վրա, հատուկ պատվիրակության միջոցով բանակցություններ վարել կապիտան Գրինի և եթե հարկ լինի, նաև Վրաստանի կառավարության հետ։

ՀԱԱ, ֆ. 198, ց. 1, գ. 15, թթ. 49-51


Քեռին
(Հուղարկավորության առթիվ)

Համեստ էր, լռակյաց։ Զգացվում էր նախկին արհեստավորը - աշխատասեր, խոհուն, գլուխը կախ իր բանին։ Քայլում էր հանդարտ, հայացքն ինքնամփոփ, հագուստը շատ համեստ, արհեստավորի արտաքին ու պահվածք։ Ոչ մի ցուցադրություն, ոչ մի ճիգ տպավորության։

Ժողովներին կնստեր մի անկյունում, ուշադիր կլսեր ու լուռ կծխեր։ Հաշտված էր այն բանին, որ մի խնդիր վճռելիս մտավորական ընկերները պետք է նախապես բավական աղմկեն։ Համբերությամբ կսպասեր գործնական որոշման. մեծ ուշադրությամբ կլսեր իրեն բաժին ընկած գործի մասին, որոշապես ու վերջնապես կպարզեր այն պայմանները, որ կապ ունեին իր պարտականության հետ, և կերթար իր գործին։ Քիչ կխառնվեր ընդհանուր որոշումներին. ոչ թե հորիզոն չուներ, այլ համոզված էր, որ եթե ամեն մեկն իր գործը լավ կազմակերպե և հաջող վարե, ամեն բան լավ կերթա։ Երբ համակարծիք չէր որոշման՝ չեզոքանում էր, առանց խանգարելու։

Իր ուժերու ճշմարիտ գիտակցությունն ուներ և իր արժեքների իսկական ըմբռնումը, անծանոթ էր իրան ինչպես հոխորտանքը, այնպես էլ նվաստությունը։ Չափած, կշռած, խոհուն ու նստած մի մարդ։ Իր կարծիքները, դիտողություններն ու հարցումները մատնում էին երկարամյա փորձառություն և ուշադիր նկատառում։ Աչքի տակով դիտում էր ամեն քայլ, ականջի ծայրով լսում էր ամեն խոսք և մինչդեռ կարծում էիր անտարբեր՝ երևում էր ուշադիր և կշռադատ։ Անպայման խելոք մարդ էր։ Գիրքը ծալվում էր իր մտքի առջև, նա կյանքից էր գալիս և կյանքից խոսում, ուստի վճիռները սակավ էին, բայց ճիշտ ու տեղին, իր մտքերը միջուկով և պարզ ու որոշ, ինչպես կյանքի ճանապարհները։

Այս լռակյաց ու համեստ մարդը սիրում էր իր շուրջը տեսնել վաղեմի ընկերներ, իր նման արհեստավոր դասից, համեստ ու փորձառու և անձնվեր, շիտակ ու մաքուր պատանիներ և դեռատիներ, որոնց թարմ ուժն ու անշահախնդիր ազնվությունը ստեղծում էր մի մթնոլորտ, որով