Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/24

Այս էջը հաստատված է

Սյունին անոր պատմության մեջ պետական մարդ է, և ոչ թե հրեշ։

Ղազարի գրական կարողությունը մեծ է և մշակված, գիտե իջնել մանրամասնությանց և բարձրանալ հանուրին. Արարատյան աշխարհի նկարագրությունը, ուրացողական քայքայիչ դերի ցուցադրությունը՝ ապացույց են վերապրող մտքի և պատկերացումի կարողության։ Ս. Գրքեն դուրս՝ անոր մտածումն աշխատած է քաղաքական աշխարհը ըմբռնել։ Իր ժամանակի քրիստոնյա մտավորականն է, բայց և քաղաքական հայ մարդը։ Ոչ միայն յուրացված է Կամսարական և Մամիկոնյան շրջանակեն իբր հայր հոգևոր, այլև խորհած ու դիտած է անոնց կենցաղն ու գործը. ըմբռնած է անոնց մտահոգությունները, քաղաքական կյանքի զսպանակները, ուստի և տերն է իր նյութին, որ կերևա իր գործին իբր պատրաստություն, ծանոթություն և թափանցում։

Շատ մեծ է իր Պատմության արժեքը, մեր հարյուրամյա պատմության միակ պատմագիրն է. Եղիշեն անկե կախում ունի։ Փավստոսի արժանավոր հաջորդն է իբր պատմագիր Հայոց Մամիկոնյան տան, բայց ավելի իրատես ու չափասեր։ Չունի արքայական շրջանի շունչը, բայց դեռ Հայաստանը «հանուրց հյուսիսականաց վեհագույն» գիտե, գերադաս՝ քան Վիրք և Աղվանք։ Իր վերաբերումը ժխտական է դեպի ասորականը և թեր ու սիրող է հունականի. ուստի և առանց ժխտելու Մաշթոցի դերը՝ գերադաս կներկայացնե Ս. Սահակը և իր մեծարանքի սիրուն կխանգարե իր պատմության գեղեցիկ չափակցությունը՝ մեծ տեղ տալով Ս. Սահակի տեսիլքի և անոր մեկնության, որից կթվի թե առած ու զետեղած է իբր պատրաստի գրություն։ Այդ գրության լեզուն ինձ կթվի ավելի դասական և հնաբույր։

Փարպեցիի լեզուն ժամանակի հետքն ունի իր վրան։ 428-են հետո, երբ Հայոց արքունիքը չքացավ, հայ կյանքը գավառացավ. չկար այլևս կեդրոնական իշխանություն՝ պատմական և հարազատ. չքացած էր լայն կյանքն ու երկրին կշիռը։ Ան մարզն մըն էր և ոչ պետություն. խամրած էր պետական ինքնազգացումը և զայն փոխարինած էր օտար և այլակրոն տիրապետության մորմոքը, որ կերևա Ղազարի պատմության մեջ։ Քրիստոնյա հայությունը կդառնա ինքնամփոփ, կփոքրանան շահերը՝ պետականեն իջնելով իշխանական տուներու, կնեղնա քաղաքական կյանքի հորիզոնը, նվաստության զգացումը կտիրե և թռիչքը կպակսի։ Նախարարական տուները անջատ են և հակամարտ, իրարմե հեռու՝ անջատորեն կաշխատին կացության տեր դառնալ, շատերը օտարամետ են և հավատուրաց. հոգևորական դասը նկուն է, համակերպող, շատերը շահամոլ։

Կոտորակված է և նսեմացած նաև հայ լեզուն։ Նորեն միջնաշխարհի